Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 671
Point(s): 41 691
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Dim 19 Fév 2017 - 05:26
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
Répondre en citant

17 - 18 Subat 1921 katliamlari

1921 թ. փետրվարի 17 - 18, Կացնահարվածներ



Աիդա Ներսիսյան
17 février 2016

Հիշատակի օր է այսօր:

95 տարի առաջ` 1921 թ. փետրվարի 17` լույս 18-ի գիշերը բոլշևիկներ դահիճները Երևանի բանտում իրականացրին մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ոճրագործություն` թուրք մսագործի ձեռքով կացնահարելով հայազգի մի խումբ մտավորականների ու զինվորական գործիչների (թվով 21 հոգի), որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին: Նախորդ գիշեր` փետրվարի 16-ին նրանք գնդակահարել էին ևս 50 հոգու ու լցրել բանտի ներսում նախապես փորված հորերը: Եվ որպեսզի մերձակայքում ապրող բնակիչները չիմանային կատարվող սպանդի մասին, բանտի փողոցում մեքենաներ էին կանգնեցրել ու վարորդներին պարտադրել միացրած պահել ազդանշանները, որպեսզի ժխորի մեջ լսելի չլինեն հրացանների համազարկերի ձայնն ու բանտարկյալների աղաղակները:
Կացնահարվածների մեջ էին Խմբապետ Համազասպը, որին ժողովուրդը Վանի, Ասկերանի դյուցազն էր անվանում, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Մակեդոնը, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լևոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, եղբայրներ Մուշեղ և Մուրադ Հարությունյանները և ուրիշներ...Նրանք սպանվեցին առանց հանցանք գործելու, լոկ այն պատճառով, որ բոլշևիկները նրանց մեջ "վտանգ" էին տեսնում:
Այո', իհարկե "վտանգավոր" էին ՆՐԱՆՔ, քանի որ չէին ուզում իրենց երկիրը նորից ստրկացված տեսնել և այնքա~ն դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, որն ընդամենը 2,5 տարեկան մանուկ էր, դնել բոլշևիզմի "սապոգի" տակ:

ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ,
ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՆՐԱՆՑ :

Լուսանկարը վերցված է Սիմոն Վրացյանի "Հայաստանի Հանրապետություն" գրքից:
Նկարում` վերևի շարքում ձախից 2-րդը Խմբապետ Համազասպն է, 3-րդը գնդ. Նիկոլայ Ղորղանյանը:
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Dernière édition par mafilou le Mar 20 Fév 2018 - 03:30; édité 1 fois
Revenir en haut
Publicité






MessagePosté le: Dim 19 Fév 2017 - 05:26
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 671
Point(s): 41 691
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Dim 19 Fév 2017 - 17:48
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
Répondre en citant

Լեռ Կամսարն ու 1921թ. Փետրվարյան ապստամբությունը

19:05, 12 փետրվարի, 2013

Նյութը պատրաստելիս միտում ունեի ապացուցել, որ Լեռ Կամսարը զենք չէր վերցնի փետրվարյան եղբայրասպան խռովության ժամանակ: Բայց երբ մի անգամ էլ ելա ու իջա պատմության այդ աստիճաններով՝ արյունը խփեց գլխիս,սահմռկեցի: Հայը խոշտանգելով սպանի՞ իր ծոցիծ ելած, իրեն կյանքի գնով պաշտպանած իր հերոս զավակներին: Չնայած բոլշևիկը ի՞նչ հայ...
Թո՜ւ, մարդ արարած՝ ի՜նչ զարհուրանք ես դու...
Ինձ նաև ցավեցնում է, որ ժամանակակից մտավորականներից շատերը մտան այդ արյունարբու կուսակցության մեջ իրենց որդիների հետմիասին (ինչպես Սարդարապատում կռվող հայ գեներալներն էին իրենց որդիների հետ կռվում) և սկսեցին վեր մագլցե՜լ ու մագլցե՜լ կոմունիստական  մութ ջունգլիներում...
1935թ.նոյեմբերին, երբ Չեկան ձերբակալեց Լեռ կամսարին, բազում զրպարտանքների հետնա մեղադրվում էր նաև Փետրվարյան զինված ապստամբության մասնակցության համար: Հիմա շատ եմ ափսոսում, որ զենք չի վերցրել (ո՞վ գիտի, հլ ա մի լավ քրքրեմ օրագրական արխիվը՝ կարո՞ղ է ինձ պարզերես անի), չնայած նա գրչով էլ կարող էր մահուցու  խոշտանգել բոլշևիկ «ազատարարներին», քանի որ ճիտին էր հասել «կարմիրների» գազանությունը:
Բոլշևիկներն իրենց իշխանության կարճ ընթացքում արդեն ցույց էին տվել իրենց բարբարոս էությունը: Աջ ու ձախ գնդակահարում էին: Պարենը զոռով խլում էին ժողովրդից՝ սովամահ անելով նրան: Ձերբակալել էին թուրքից մեզ փրկած ազգի հերոսներ Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին և բազում սպաների: Սարդարապատի հերոս Դանիել բեկ Փիրումյանին գնդակահարել էին Դիլիջանի շրջանում ուրիշ հերոսների հետ միասին: Եղբայրը` Պողոս բեկ Փիրումյանը, չդիմանալով այս անարդարությանը և ծաղրուծանակին (վաստակած ուսադիրներն էին պոկել ու ծիծաղում էին վրան) ինքնասպան եղավ: Բանտերում էին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և շատ ուրիշ պետական գործիչներ և մտավորականներ:
Ժողովուրդն ալեկոծվեց և ծառս եղավ: Առաջինը (փետրվարի 13-ին), ինչպես միշտ, Արագածոտնի սասունցիներն էին (մեր էպոսը վկա), ապա տարերայնորեն քաղաքացիական կռիվները բռնկվեցին այլ շրջաններում: Ապստամբությունը գլխավորում էին նախկին խմբապետները: Ապստամբության հենքը մեծ մասամբ արևմտահայ գաղթականությունն էր:
Գրավելով Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ախտան ապստամբները Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ փետրվարի 18-ին մտան Երևան և դուրս շպրտեցին բոլշևիկներին, բանտերից ազատ արձակելով քաղաքական գործիչներին և մտավորականությանը:
Գիտեմ, որ բանտարկյալներին բանտից ազատելուն Լեռ Կամսարն անմիջական մասնակցություն ունեցել է, ապա ընկերների հետ օրեր շարունակ (այնքան շատ էին՝ իրար վրա դարսված) բանտի գուբից կացնով գլխահատված դիակներ է դուրս բերել և թաղել հողում: Գիտեմ, որովհետև շատ հետո էլ, երբ երգիծաբանը խռովահույզ էր քնում՝ երազում նրան հետապնդում էին այդ անգլուխ մարմինները, և նա վեր էր թռչում սարսափելի կոշմարներից:
Երևանի գրավումից հետո Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ստեղծվեց «Հայրենիքի փրկության  կոմիտեն», որը պետք է կառավարեր երկիրը մինչև կառավարության ձևավորումը: Իսկ Լեռ Կամսարն էլ անցավ իր մշտական գործին՝ ինչ անում էր բոլոր իշխանությունների ժամանակ՝ այսինքն գրել:
Բոլշևիկները, որոնք ապաստանել էին Ղամարլուում (Արտաշատ), օգնության կանչելով ռուսական 11-րդ Կարմիր բանակը մարտի 25-ին սկսեցին հուժկու հակահարվածը:
Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և ապրիլի 2-ին մտան Երեւան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու եւ ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երեւանը հանձնել առանց մարտի: Քաղաքը բոլշեւիկներին հանձնելու համար ստեղծվել էր հանձնախումբ, որի մեջ ընդգրկվել էին Պարսից հյուպատոսը, ամերիկացի բժիշկ Լոշերը եւ Հովհաննես Թումանյանը: «Հայրենիքի փրկության կոմիտեն», զորքը եւ մեծ թվով բնակիչներ Բաշ-Գառնի-Դարալագյազ գծով բռնեցին դեպի Զանգեզուր նահանջի ճանապարհը: Զանգեզուրում նրանք միացան Գ. Նժդեհի ուժերին, իսկ հուլիսին նրա հետ անցան Պարսկաստան: Նրանց հետ էր Լեռ Կամսարը: Ահա ինչ է գրում ժամանակակիցը:
«1921-ապրիլ: Կարմիր մատիտը ողջ մնայ»
«Փետրուարի 18-ի ըմբոստութեան գործողութիւնները վերջ գտած էին ու կռիվները կը շարունակուեին Լեռնային Հայաստանի մեջ: Տաճկահայերը գիտակցելով, որ ռուսահայերը (Հ.Յ.Դ.) իրենց բարեացակամութիւնը շահագործած են, Զանգեզուր հասնելե վերջ որոշեցին ալ չը կռուել: Այս շարժման գլուխը անցած էր զօրավար Անդրանիկի օգնական Սմբատ Մշեցին:
Փրկութեան կոմիտեն սակայն յաղորթած էր հազարապէտ Նժդեհին, որ տաճկահայերը զինաթափ ընե ու թույլ չը տայ, որ անոնք Պարսկաստան անցնեն: Տաթեւի մեջ նկատեցինք, թե սպարապետ Նժդեհը իր հրամաններուն տակ կը դներ կարմիր ստորագրութիւնը:
Այս տողեր գրողը, որ իր կամքին հակառակ միացած էր այս «նահանջ բիւրոցին», Երեւանի փողոցեն յափշտակւած, անպատրաստ, երբ կը դիմեր իր գրասենեակը սպասելով  Երեւանի ռմբակոծման վերջանալուն, երեք երիտասարդները զինք բռնեցին և ինքնաշարժի մեջ նետելով իրենց հետ տարին մինչեւ Ասորի Դուին գիւղը, գրպանիս մեջ կը մնային երկու կարմիր մատիտ:
- Կարմիր մատի՞տ,- ըսավ Լեռ Կամսարը,- փրկուած ենք,- ու թելադրեց, թե ինչպես պիտի գրեինք ճամբորդական արտօնագիրը:
Այսպես արտօնագրերը կը գրեինք կապույտ մատիտով և ստորագրութիւն կը դնեինք կարմիր մատիտով և արձակ համարձակ կը ճամբորդեինք նախարարներեն առաջ, որոնց միայն տրուած էր արտօնագիր ճամբորդելու և անցնելու Պարսկաստան օգնական ուժեր ղրկելու Լեռնային Ղարաբաղը կռիվները շարունակելու:
Եվ, երբ Փրկութեան կոմիտեին նախագահը իր փոքրաթիվ հետեւորդներով Մեղրի հասավ, մեր խմբակը հոն գտաւ և, երբ հետաքրքրվեցաւ թե ինչպես կրցած էինք իրենցմե առաջ Մեղրի հասնել, Լեռ Կամսարը պատասխանեց, թե.
-Պարոն Ն-ի կարմիր մատիտը ողջ մնա...»
Պարսկաստանի սահմանը անցնելուց կարճ ժամանականց, Խորհրդայի Հայաստանի իշխանությունը համաներում շնորհեց ապստամբության մասնակիցներին, բայց երբ նրանք վերադարձան, համարյա բոլորին գնդակահարեց, բանտարկեց կամ աքսորեց:
Լեռ Կամսարը նույնպես բռնադատվեց 20 տարով և մինչև կյանքի վերջը համարվեց persona non grata.
Վանուհի Թովմասյան
Դանիել բեկ ՓիրումյանՊողոս բեկ ՓիրումյանԹովմաս ՆազարբեկյանՄովսես Սիլիկյան

_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 671
Point(s): 41 691
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Dim 19 Fév 2017 - 17:49
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
Répondre en citant

ԱՐԱՄ ԹՈՎՄԱՍԻ ԹՈՎՄԱՂՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈւԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ 
25. 01. 36 թ. (հատված)**
ՀԱՐՑ – Հետաքննությունը փաստեր ունի, որ 1921 թ. դաշնակցական ավանտյուրայի ժամանակ «Ազատ Հայաստան» դաշնակցական պաշտոնաթերթում գրել եք մի շարք ֆելիետոններ, որոնք ուղղված էին կոմունիստական կուսակցության և սովետական կարգերի դեմ։ Ընդունո՞ւմ եք այդ։
ՊԱՏ. - Այդ հարցին չեմ ուզում պատասխանել։
ՀԱՐՑ - Ինչո՞ւ չեք ուզում պատասխանել հետաքննության տված հարցին։
ՊԱՏ. - Ուղղակի չեմ ուզում պատասխանել։
ՀԱՐՑ - Ուրեմն, Դուք ընդունում եք, որ 1921 թ. փետրվարյան ավանտյուրայի ժամանակ «Դաշնակցություն» կուսակցության ճամբարում էիք և նրանց պաշտոնաթերթում քաղաքական պայքար էիք տանում կոմկուսի և սովետական իշխանության դեմ։ Այդ պատճառով էլ խուսափում եք ըստ էության տրված հարցի պատասխանից։
ՊԱՏ. - Իրոք, դաշնակցական ավանտյուրայի ժամանակ «Ազատ Հայաստան» դաշնակցական պաշտոնաթերթում գրել եմ երկու հոդված։ Այդ երկու հոդված-ֆելիետոնները գրված էին Հայաստանում սովետական կարգերի գոյության ժամանակ գործող զինվորական կոմունիզմի և կոմկուսակցության դեմ, բայց դրանով ոչ մի քաղաքական նպատակ չէի հետապնդում։
ՀԱՐՑ - Դուք հարցից խույս մի´ տվեք։ Հետաքննությունը Ձեզ առաջարկում է հստակ պատասխանել՝ դաշնակցական պաշտոնաթերթ «Ազատ Հայաստանում» գրե՞լ եք ֆելիետոններ զինվորական կոմունիզմի և կոմունիստական կուսակցության դեմ։
ՊԱՏ. - Ես գրել եմ ֆելիետոններ, բայց դրանք ուղղված են եղել ոչ թե ընդհանրապես կոմունիզմի գաղափարախոսությանը և ամբողջ կոմունիստական կուսակցությանը, այլ սովետական իշխանության ժամանակ Հայաստանում գործող սովետական մասնակի ձեռնարկություններին և կոմկուսի մասնավոր անդամներին։
ՀԱՐՑ - Բայց այն ժամանակ, երբ գրել եք ֆելիետոնները, Երևանում սովետական կարգեր չկային, չկային նաև սովետական հիմնարկներ, ինչո՞ւ եք այդ դեպքում գրել դրա մասին, եթե քաղաքական նպատակներ չունեիք։
ՊԱՏ. - Դա ուղղակի գրել եմ` որպես հուշ բոլշևիկների մասին։
ՀԱՐՑ - Դուք հարցից խույս մի´ տվեք, քանի որ հետաքննությունը գտնում է, որ դա  «հուշ չէ բոլշևիկների մասին», ինչպես Դուք եք ասում, այլ գաղափարական պայքար կոմկուսի և սովետական իշխանության դեմ, որովհետև Ձեր ֆելիետոնների շնորհիվ դաշնակցական մամուլը վարկաբեկում էր սովետական իշխանությունը և կոմկուսը։
Ընդունո՞ւմ եք դա, թե՞ ոչ։
ՊԱՏ. - Գուցե, դաշնակցականները զինվորական կոմունիզմի և առանձին կոմունիստների մասին գրածս ֆելիետոններն իրոք օգտագործում էին իրենց քաղաքական նպատակների համար՝ որպես սովետական իշխանության և կոմկուսի վարկաբեկում։ Անձամբ ես նման նպատակ չէի հետապնդում:
ՀԱՐՑ - Այն ժամանակ, երբ Երևանում 1921 թ. փետրվարին ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե» նախկին վարչապետի՝ Ս. Վրացյանի գլխավորությամբ, ասացե´ք, գրե՞լ եք որևէ ֆելիետոն` դաշնակների կողմից կազմակերպած ավանտյուրայի մասին, որը հազարավոր մարդկային զոհերի պատճառ դարձավ։
ՊԱՏ. - Ո´չ, չեմ գրել։
ՀԱՐՑ – Ինչո՞ւ չեք գրել։
ՊԱՏ. - Որովհետև կառավարությունը, որը ղեկավարում էր «Հայրենիքի փրկության կոմիտեն», երկար գոյություն չունեցավ։
ՀԱՐՑ - Բայց այն ժամանակ սովետական իշխանությունը նույնպես առանձնապես երկար գոյություն չի ունեցել, ինչո՞ւ այդ դեպքում Դուք ժամանակ գտաք դաշնակցական մամուլում վարկաբեկելու սովետական իշխանությունը։
ՊԱՏ. - Այդ հարցի պատասխանը չունեմ։
ՀԱՐՑ - Փետրվարյան ավանտյուրայի ժամանակ դաշնակցական մամուլում Ձեր հանդես գալը հետաքննությունը դիտում է որպես մասնակցություն նշված ավանտյուրային, այդ պատճառով էլ հետաքննությանը տված Ձեր բացատրությունը այն մասին, որ Դուք Իրան եք փախել տարբեր պրովոկացիաների պատճառով, չի համապատասխանում իրականությանը. փաստորեն, Դուք` որպես ավանտյուրայի մասնակից, համարվել եք քաղաքական վտարանդի, ընդունո՞ւմ եք դա։
Արձանագրությունը ընթերցվել է ռուսերեն և հայերեն լեզուներով, արձանագրությունը կազմված է իմ խոսքերից։
Արամ Թովմաղյան                ստորագրություն
Հարցաքննեց Իսրայելյանը    ստորագրություն
 
**Լեռ Կամսար «Բանտիս օրագիրը»
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
Երեքշաբթի 29.- Պետական թատրոնին նվիրված բանկետ իմը մեջ, երբ հայ բանաստեղծմը բաժակ կվերցնե Հայաստանի կենացը խմելու, կոմունիստ հանդիսականը անդիեն կպոռա.
- Ո՞ր Հայաստանի։
- Առհասարակ Հայաստանի,- կպատասխանե ճառախոսը։
- Առհասարակ Հայաստան գոյություն չունի,- կըսե կոմունիստը,- կա միայն Խորհրդային Հայաստան։
Կնշանակե` առհասարակ հայ ալ չկա։
Իսկ առհասարակ մա՞րդ։
Կամ որև է առհասարակ բան գոյություն ունի՞ սա երկրին մեջ…
Ու… եթե իրոք խորհրդայնացումեն անդին Հայաստան չըլլար, ու Արևելքի քաղաքակրթության պատմությունը սկսեր է 1920 թիվեն, այսինքն այն օրվնե, երբ բոլշևիկները Դիլիջանի վրայով Հայաստան արշավեցին։ Գոյություն ունեցած չըլլային Ասորեստանի թագավորները, ոչ ալ իրենց քաջագործությունները պատմող սեպագիր ժայռերը. ըսել կուզեմ ժայռերը ըլլային, բայց վրան գրություն չըլլար։ Այսօր, այս նոր արշավողները այդ նույն ժայռերու վրա սա պես պիտի սեպագրեին.
«Ես, Աթարբեկյանս (կամ Ավիսս), հեղկոմ բոլոր հեղկոմներու, ես սոցիալիստս, ես կոմունիստս, Չիբուխլուի վրայով Ելենով կա արշավեցի, հավաքեցի բոլորտ աճկա հայ գաղթականներուն մի մարագածեցիու կացինով կոտորեցի, 73 հոգի ձեռները ետև կապած ծովիափշարեցի, գնդակահարեցի ու ծովը նետեցի։ Երևանի բանտի նկուղը 17 կանգուն փորեցի, 120 հոգի սպանեցի ու ձկան նման իրար վրա շարելով հողով ծածկեցի։ Երկրի բոլոր պարենը հավաքելով մնացյալներուն սովի մատնեցի ու քաղաքի ոսկին կողոպտելով փառավորվեցի, ե~ս Աթարբեկյանս (կամ Ավիսս), ես հզո~րս, ես արդարադատս, որդի Լենինի, որդի Բուխարինի, որդիՍտալինի…»
«Մահապուրծ օրագիր» 1926թ.
1920 թվականին Հայաստանը ընկավ երկու ամենաոխերիմ թշնամիների արանքը. մեկ կողմ թուրքն էր կանգնած իր մերկացած սրով, մյուս կողմը հայ բոլշևիկը՝ կացինը ուսին դրած: Ո՞ւմ անձնատուր լինել. թուրքի՞ն, թե՞ հային: Այն հայերը, որոնք սրի սիրահար էին, խողխողվել կուզեին՝ թուրքին հանձնվել նախընտրեցին, իսկ նրանք, որ կացնով իրենց գլուխները երկու մասի բաժանել կուզեին՝ բոլշևիկներին նախամեծար համարեցին և վերջում բոլշևիկներին էլ հանձնվեցին և հանձնեցին իրենց երկիրը՝ նրանց գթասրտությանը ապավինելով:
Եկավ բոլշևիկը: Ամենքը ակնապիշ սպասում էին, թե ինչպե՞ս հայը հային պիտի կոտորի: Որովհետև հայոց պատմության մեջ հույն, թուրք, արաբ, պարսիկ կոտորել էին հայերին, բայց հայը հային առաջին անգամ պիտի կոտորեր և դա չէր կարող հետաքրքիր չլինել հայի համար, իհարկե:
Բոլշևիկը Հայաստան մտավ սադայելյան ժպիտը երեսին: Սաստիկ սոված էր, որովհետև կոմունիստական Ռուսաստանից էր գալիս: Մի գիշերվա մեջ հավաքեց ժողովրդի բոլոր մթերքը՝ յուղ, միս, ալյուր, շաքար, չոր միրգ, աղ, պղպեղ, վերջապես՝ ամեն ինչ: Կերավ կշտացավ, բեղերը մաքրեց, կացնի սրությունը փորձեց ու վեր կացավ երկրում «սոցիալիզմ կառուցելու»:
Նախևառաջ հավաքեց ու բանտերը լցրեց Հայաստանի բոլոր խելացի, բոլոր ազնիվ, ժողովրդի մեջ հարգանք վայելող բոլոր մարդկանց: Բայց որովհետև Հայաստանի բանտերը քիչ հանցավորների համար էին կառուցված, հետևաբար չէին կարող իրենց մեջ տեղավորել մի ամբողջ ժողովուրդ, այդ պատճառով հրամայվեց հավաքված «հանցավորներին» մի կողմից կոտորել, որ տեղ բացվի նորերին:
Ու կոտորվում, սելյոդկա ձկան նման շարվում էին բանտի ներքնահարկերում փորված անդնդախոր գերեզմանում:
Հետագայում, բոլշևիկների հեռանալուց հետո ես անձամբ տեսա: Հարյուրավոր ընտիր հայեր ձեռներն ետևը կապված, գլուխները մեջտեղից կիսած, դարսված էին իրար վրա, արյան ճապաղիքի մեջ...
Ինչպես գեշ տիրուհիներն իրենց տգեղ սպասուհիներ են վարձում նրանց մոտ գեղեցիկ երևալու համար, բոլշևիկներն էլ վերջ էին տալիս բոլոր խելոք մարդկանց, որպեսզի իրենց հիմարությունը աչքի չզարնվի:
Լա՜վ, բայց եթե կոտորածն այս նպատակով ընթանար, նշանակում է ոչ մի մարդ չէ՞ր մնալու ողջ երկրում, քանի որ ինչքան էլ ժողովուրդը հիմարանար, դարձյալ հայ բոլշևիկներից խելոք պիտի մնար: Ուրեմն, ի զեն գոչեցին ողջ մնացած հայերը և ջարդ տալով իրենց «բարերարներին»՝ Հայաստանից դուրս շպրտեցին 21 թվականի փետրվար ամսին:
Գնացին բոլշևիկները և վերադարձան ռուսական զորքով: Կռիվն անհավասար էր, և Հայաստանի արու բնակչությունը իր կին ու երեխաներին բոլշևիկներին թողած՝ Պարսկաստան փախավ և հետո էլի վերադարձավ:
Ի՞նչ երկարեմ, ասեմ միայն, որ այն թվականից մինչև հիմա, բոլշևիկյան կառավարությունը ժողովրդին լցրել է մաղի մեջ՝ մաղում է, մեծերին, արժանավորներին  սպանում, իսկ տականքներին ամբար լցնում: Որի հետևանքով այս րոպեիս մի մարդ չի մնացել ողջ Սովետական Միությունում, բոլորը կեղծավոր, պնակալեզ, լիզող, քծնող ներքինիներ են, իրենց մարդկային կերպարանքը կորցրած:
Ամերիկա՜, երբ մեր երկիրը ազատելու գաս, չմոռանաս հետդ մարդու սերմ բերել Սովետական Միությունում ցանելու համար: Մեզ մոտ մարդ չի մնացել:
«Կարմիր օրեր»  1957թ.

Ն(շան)  Յովհաննիսյան*
*Հուշագրության բնագիրը գտնվում է Գրականության թանգարանում:
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 671
Point(s): 41 691
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Mar 20 Fév 2018 - 03:46
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
Répondre en citant

Թէ ինչպէս սիգտիր ըրինք պօլշևիկները - Վահան Չերազ

18/02/2018
Վահան Իշխանյան
լուսանկարը ՝ Նազիկ Արմենակյան

Փետրվարյան ապստամբության 97 ամյակի առթիվ Ինքնագիրը հրատարկում է Վահան Չերազի այս նամակները, որոնք Երևանից գրել է ապագա կնոջ եղբորը Վազգեն Անդրեասյանին, ով այդ ժամանակ ընտնիքով Պոլսում էր ապրում։
Չերազի նամակների մի ամբողջ փաթեթ, որոնց մեջ նաև այս նամակները, 2016֊ինձ ուղարկեց փարիզաբնակ զարմիկս Վազգեն Անդրեասյան կրտսերը՝ ավագ Անդրեասյանի թոռը։
Վազգեն Անդրեասյանը մամայիս՝ մորեղբայրն է, նա 1974֊ին հրատարակեց «Վահան Չերազը եւ իր երգը Հայաստանի» գիրքը, որտեղ Չերազից բազմաթիվ նամակների հատվածներ կան, սակայն բացակայում են փետրվարյան ապստամբության մասին պատմող այս նամակները և մի շարք այլ նամակներ որոնք վերաբերում են Սովետական կարգերին։ Ինչո՞ւ, հավանաբար, որ Երևանում բնակվող Չերազի դստերը՝ մորս՝ Բյուրակն Անդրեասյանին ու նրա ընտնիքին վնաս չտա։
Թեև Սովետական իշխանությունը 1921֊ին փետրվարյան ապստամբության մասնակիցերին համաներում էր տվել, սակայն 1927 թվականին, երբ ձերբակալում են Չերազին, մեղադրանքի հիմքում լինում է նաև նրա մասակցությունը ապստմբությանը և 1928 թվի հունվարի 9֊ին նրան գնդակահարում են։
Նամակներում Փիթը Չերազի մտերիմ ընկեր Պետրոս Մարզպանյանն է, ում հետ ամբողջ համաշխարհային պատերազմն է անցել։ Վազգեն Անդրեասյանը նաև գիրք է գրել Պետրոս Մարզպանյանի մասին՝ «Փիթը» հրատարակված 1982֊ին։
Երբ կարզմում էի Չերազի ու տատիս՝ նրա կնոջ՝ Վարանուշի մասին պատմող «Ընտնեկան ալբոմ» վավերագրությունը(տես՝ «Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ Մաս 1», «Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ մաս 2», «Ընտանեկան ալբոմ. Վարդանուշ»), որը երեք գլխով հրատարակեցի Ինքնագրում, այս նամակները ձեռքիս տակ չկային։
Հետագայում հույս ունեմ «Ընտանեկան ալբոմը» ամբողջացնել ձեռքի տակ եղած Չերազի բոլոր նամակներով ու գիրք կազմել։
Վահան Իշխանյան


19. փետրուար 1921
Թէ ի՞նչպէս սիգտիր ըրինք պօլշևիկները

Պաշտելի Վազգէնս‚ ևլն‚ ևլն:
Չ’եմ գիտեր ինչպէ՞ս սկսեմ և ինչպէս վերջացնեմ:
Երէկ, փետր. 18ի լուսաբացին‚ Հայաստանի ժողովուրդը՝ ըմբոստութեան պանծալի և աննախընթաց ժէսթով մը իր ուսերէն թափ տուաւ և ցեխին մէջ ձգեց պոլշեւիկներու բռնակալ ու գարշելի լուծը:
Չ’եմ գիտեր ինչպէս պատմեմ‚ այնքա՜ն բարձր‚ այնքա՜ն գեղեցիկ‚ այնքա՜ն հրաշալի ու երազային էր կատարուածը:
Երկուքուկէս ամիս է որ այստեղ էին այս խուլիկանները: Հայաստանի ժողովուրդին կեանքը‚ իր ամէն մանրամասնութիւններուն մէջ, դարձուած էին‚ անտանելի: Թունաւոր‚ ժանտահոտ‚ հեղձուցիչ‚ անշնչելի մթնոլորտ մը ստեղծած էին: Սարսափի սև ամպ մը պատած էր մեր երկինքը‚ սուրը կախուած էր ամէնուն գլխին‚ կասկածը ամէնուն աչքերու մէջ էր‚ ոչ ոք չ’էր գիտեր թէ երեկոյին տուն պիտի երթա՞յ‚ առաւոտուն իր անկողինին մէջ պիտի արթննա՞յ:
Երկուսուկէս ամիս է որ աւազակութիւնը‚ լրտեսութիւնը‚ զրպարտութիւնը‚ հրէշային վայրագութիւնները սանձարձակ տիրեցին:
Եւ երէկ առաւոտ յանկարծ ուսերնիս մէկ մը թօթովեցինք‚ ամէն բան չքացաւ‚ և նորէն ոտք ելանք‚ ազատ‚ անկախ‚ և շուտով միացեալ:
Երէկ առաւօտ Բարլամենտի վրայէն վար քաշուեցաւ կարմիր դրօշը‚ և նորէն բարձրացաւ մեր դրօշակը‚ Պոլիսէն եկած փառաւոր եռագոյն մը:
Փետր. 17ի երեկոյեան արդէն քաղաքի շուրջը հասած էին շրջանի ապստամբները‚ Ալագեազի լանջերուն վրայ տեղաւորուած սասունցիք ու մշեցիք‚ Ապարանի‚ Կոտայքի‚ Էջմիածնի գիւղացիները:
Հետեւեալ առաւօտուն արթնցանք հրացանի‚ գնդացիրի և թնթանօթի ձայնով: Գրոհը սկսած էր և երկար չի տևեց: Երկու ժամ անցած‚ կոմունիստ հրէշները խուճապային և անփառունակ փախուստի դիմեցին: Քաղաքի երիտասարդութիւնը զինուած դուրս եկաւ‚ ներս մտան ազատարար առաջին խումբերը և փողոցները զարդարուեցան եռագոյններով: Հայաստան ազատ էր:
Կարծես երազ էր‚ կարծես մոգական գաւազան մը տնօրինէր դէպքերը:
Պոլշեւիկ ոհմակները հազիւ քաղաքէն դուրս ելած էին‚ երբ արդէն զինուած ամբոխը գունդագունդ դիմեց դէպի բերդի բանտը և Չրէզուչայեան (արտակարգ դատարան) և ազատեց բանտարկուածները: Բայց արդէն ուշ էր‚ որովհետև շատեր գազանաբար սպանուած էին պոլշեւիկներուն կողմէ:
Համազասպ Օհանջանեանը և Բարլամենտի նախագահ Աւետիս Սահակեան, սպանդէն մազապուրծ փրկուած‚ ուսամբարձ բերուեցան Բարլամենտ: Ծովածաւալ բազմութիւն մը‚ զինուած‚ դրօշակներ բռնած, երգելով ու կեցցէ գոչելով կը հետեւէր: Նուագախումբը կը նուագէր «Մեր հայրենիքը»‚ որ շատոնց արգիլուած երգ էր մեզ համար: Անզոր եմ նկարագրելու խանդավառութիւնը ու ցնծութիւնը: Ամէն ոք կը համբուրւէր‚ արտասուողներուն հաշիւը չկար: Օհանջանեանը մէկ ձեռքը փոքր դրօշ մը բռնած‚ երեխայի նման կը պոռար:
Յետոյ բարձրացաւ պատշգամ և ժողովուրդին խօսեցաւ սա բառերով:
«Քաղաքացիներ‚ կը շնորհաւորեմ ձեռք բերուած ազատութիւնը: Բայց մենք չըպէտք է տարուինք ցոյցերով: Պէտք է լինել լուրջ և զգաստ‚ որովհետև վտանգը դեռ անցած չէ‚ ու շրջապատուած ենք թշնամիներով: Պէտք է շուտով կազմակերպուենք որպեսզի դիմադրենք նրանց ու պահենք մեր ազատութիւնը: Կը կազմուի առժամեայ կառավարութիւն: Շուտով կը նշանակուի ընդհանուր հրամանատար որուն կը տրամադրուին զինւած ոյժերը: Կեցցէ՜ անկախ Հայաստան»:
«Մեր հայրենիքը» կրկին հնչեց: Ժողովուրդը գլխաբաց ընկերացաւ նուագին:
Բայց թշնամին դեռ մօտ էր‚ պէտք էր հետապնդել: Փախստական հրէշները դիմած էին կայարան ուր շոգիի վրայ պատրաստ կ’սպասէին երկու շոգեկառք: Զինուած ժողովուրդը ուղղուեցաւ դէպի կայարան: 10-12 տարեկան տղաքներ անգամ‚ հրացան կամ դաշոյն վերցուցած‚ միացած էին զինուած ուժին որ որոտացող գետի նման կը թաւալէր:
Ես ու Փիթը հազիւ թէ զինուած դուրս էինք եկեր‚ երբ մեր փողոցի մօտէն տան մը դրան առջև պառաւ մը տեսանք որ Հայկական դրօշ մը կը կարէր‚ գոյները սխալ մխալ իրացու հետ բերելով: Այս մամիկը կանչեց մեզ ու դրոշը Փիթին նուիրեց:
[…] կայարանին մէջ ժողովուրդը համախմբուեցաւ անցնելու համար հին կայարանը: Բայց այդտեղ որոշ վարանում յառաջ եկաւ այդ անկազմակերպ խումբերուն մէջ: Ամէնքը ղեկավարել կ’ուզէին‚ ամէն ոք ծրագիր մը կ’առաջարկէր: Ասոր վրայ Փիթն ու ես նեղացանք: Փիթը դրօշիկը առած առաջ անցաւ‚ և երէք չորս հոգիով խոյացանք առաջ:
Ճիշտ այդ պահուն գնացքները ճամբայ ելան: Առջևէն կ’երթար զրահապատը‚ իսկ երկրորդ գնացքը‚ որ 20-30 վակոնէ կը բաղկանար‚ անոր հետեւեցաւ վիթխարի օձի մը նման սողալով սպիտակ դաշտին վրայ:
«Փախնին կը՜‚ փախնին կը՜‚ ի՜նչխ փախնին կը»:
Ականջը խօսի մերոնց‚ Վարդանուշ‚ Թագուհի‚ Կէնկեռայ‚ որոնք հիմա քովդ ի վեր կը խնդան‚ երանելի ճանիկս:
Մտանք կայարան: Պահակազօրքը դեռ հինգ րոպէ առաջ «Կարմիր բանակ» կոչուած ողորմելի խուժանը‚ սպիտակ դրօշով մեզ դիմաւորեց‚ ցոյց տուաւ թողնուած աւարը‚ հրացան‚ ռազմամթերք‚ ևլն:
Վակոնի մը մէջ երկու ռուս պոլշէւիք գերեցինք‚ որոնք չ’էին կրցած մեկնել: Մէկ հատը գլխուն դրած էր կօմունիստներու ծանոթ սրածայր գլխարկը: Անմիջապէս վերցուցի, և կը պահեմ այս չարագուշակ գլխանոցը իբր այս սև ու կարմիր օրերուն յիշատակ:
Ճանիկս‚ ալ ի՞նչ ըսեմ‚ վա՜յ անոնց որոնք փետր. 18ի օրը տեսնելու բախտը չունեցան: 14 յուլիս մըն էր իր ամբողջ մանրամասնութեանց մէջ‚ իր Պասթիյլով‚ ժողովուրդին գերազանց ոգիով:
Քաղաքը հազիւ մաքրագործուած‚ ժողովուրդը կրկին դիմեց դէպի բերդի բանտը: Այս անգամ ալ տարբեր ուխտագնացութեամբ:
Կեդրոնական բանտի նկուղներուն մէջ‚ զազիր գազանները‚ խուճապի րօպէներէն կորզուած մի քանի վայրկեան կորզած էին‚ և աննկարագրելի խժդժութիւններով սպանած էին բանտարկեալներուն մէկ մասը‚ թիւով 37 հոգի:
Փիթին հետ գնացինք: Արդէն բակն էին հաներ խմբապետ Համազասպին դիակը: Թևերուն կապը նոր էին քակած‚ մաոզէրի գնդակը մտած ու մնացած էր բերնին մէջ: Ակռաները կոտրտած էին‚ շրթունք լայն պատռած: Աչքին մէկը կապուտցած և ուռած էր: Եւ աջ քունքին վրայ երկու հատ զուգահեռական ու երկար դաշոյնի հարուածներ կային: Գլխուն ետևի մասը ջարդուփշուր էր:
Նկուղներուն մէջ կիսաթաղ թողնուած էին միւս նահատակները‚ ամբողջովին մերկացուած‚ և ամէնքն ալ կը կրէին ամէնավայրագ գազանութեան հետքերը: Ոմանք խեղդամահ եղած էին‚ գլուխները ջախջախուած‚ որովայնները բացուած: Նահատակներուն մէջ էին ի մէջ այլոց ծանոթ Արտուշ խանը‚ սեփաստացի Մանուկ Չաուշը‚ իմ գումարտակապետս‚ Վարդան Բագուրը (Թէլլալեան)‚ եռանդուն ու խոստումնալից սպայ մը:
Հրէշային անյագ կիրքով յոշոտուած էր մարմինը: Գնդակը‚ կացին‚ դաշոյն‚ չուան‚ սուին: Ամէն սպանիչ գործիք ազատ ասպարէզ գտած էր հէգ երիտասարդին մարմնին վրայ:
Ժողովուրդին ցասումը սոսկալի էր: Արցունք ու կրակ կը ցատկէր ամէնուն աչքերէն:

* * *
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Dernière édition par mafilou le Mar 20 Fév 2018 - 03:56; édité 1 fois
Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 671
Point(s): 41 691
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Mar 20 Fév 2018 - 03:50
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
Répondre en citant

* * *


Փողոցներուն մէջ զուարթութիւն‚ խնդուք ու ծիծաղ է: Տուներէն նուագ ու երգ կը լսուի: Ծանօթները իրարու աչքի լոյս կուտան «անցած ըլլայ»‚ «ապաշխարանք ըլլայ»‚ «Քրիստոս յարեաւ»‚ «աչքդ լոյս»: Կարծես Նոր տարի կամ Զատիկ: Փրկուած բանտարկեալները գիրկէ գիրկ կ’անցնին: Մի քանի վայրկեանի հրաշքով ազատուած են Օհանջանեանը‚ Քաջազնունին‚ Աղպալեանը‚ և ուրիշ շատ ու շատեր:
Ցնծութիւնը մեծ է նաև թուրքերուն մէջ: Սիրոյ և եղբայրութեան երդում կ’ընին և կարծեմ անկեղծ են այս անգամ: Յայտնի Ալի խանը‚ որ բանտարկութենէ փրկուեցաւ և կեցցէներով անցաւ մեր զինուած խումբերու մէջէն‚ ուրախութենէն մեռաւ…
Թուրքերը զինուած‚ իրենց թաղին տուները մէկիկ մէկիկ ման կուգան և կը ձերբակալին իրենց կոմունիստները: Նոյն անվերապահօրէն համակիր տրամադրութիւնը ցոյց տուին նաև քեմալական ներկայացուցիչն ու իր տաճիկ զինւորները:
Հետզհետէ կ’սկսին քաղաք մտնել գիւղացիներու կամաւոր խումբերը: Ամէն գիւղ իր պօլշեւիկ կօմիսարը ձերբակալա՜ծ ու յատուկ պատգամաւորութեամբ կը ղրկէ քաղաք: Ծերունի կռւողներ ալ կան‚ երեխաներ ալ: Պոլսեցին թող երեւակայէ Նեազի պէյի հետ Պոլիս մտած մակեդոնացի կամաւորները:
Արդէն մեծ նմանութիւն կայ այս օրերուն և Համիտի գահընկեցութեան պատմական օրերուն միջև:
Իսկ մեր ընկերական շրջանակին մէջ‚ կրնաք երեւակայիլ թէ ի՜նչ անսանձ ու անզուսպ զեղում պատճառեց այս պանծալի յեղաշրջումը: Իբր տաճկահայեր ու խորունկ ազգայնականներ‚ արդէն մեր սիրտը բզկտուած էր մեր մէկ հատիկ Հայրենիքին վերջին կոտորակին չքացումը տեսնելով և ահա բոլոր յոյսերը կը վերադառնան: Եռագոյնը նորէն կը փայլի, և Հայաստանի […] մեծ յոյսերու խոստմնալից ու անսպառ գանձը կը դառնայ:
Բնաւ չէինք յուսահատած: Իմ լաւատեսութիւնս անվերապահ‚ անսահման ու անսասան էր: Եւ սակայն ճնշուած էինք: Գրեթէ ամէնքս ալ անցանք բռնութեան բովէն: Ես գերի էի Տիլիճան‚ իսկ այստեղ ալ ամէնափոքր «հէրիֆի» մը‚ խուլիկանի քմահաճոյքը բաւական էր որպէսզի ձերբակալէր կամ իբր սպայ‚ կամ իբր տաճկահայ‚ կամ իբր «ոչ-պօլշեւիք»: Արդէն ձերբակալուեցան և 4 օրով բանտարկուեցան‚ «թիւրիմացութեամբ», Եզնիկը‚ Գուրգէն եղբայրը‚ Խաչիկ Պօյաճէեանը‚ և ուրիշ ընկեր մը: Եղիշէն նոյնպէս ենթակայ էր հետապնդումի, իբր Անդրանիկի և անգլիական հիմնարկության ներկայացուցիչ: Իր պահեստը կնքեցին‚ գործունէութիւնը խափանեցին և զինքն ալ պիտի ենթարկէին դատաստանի: Բայց վերջին օրերը յաջողեցաւ շրջակայ գիւղերէն մէկը ապաստանել: Փիթն ալ կարող էր հետապնդուել իբր պահեստապետ‚ Աւետիսը իբր հաշուապահ‚ ևլն:
Հիմա այլ ևս չկան: Թռա՜ն: Եւ Հայաստանը նորէն ազատ է: Այն Հայաստանը որ նախ Ղարսի անփառունակ պարիսպներուն տակ և յետոյ պօլշևիկներու դաժան օրերուն թաղեց իր բոլոր յոյսերը: Այսօր նորէն ազատ ենք ու անկախ‚ և վաղը պիտի ունենանք կրկին մեր միացեալ Հայաստանը:


Վահան Չերազ

21 փետր.
Պոլշևիկներու ձերբակալութիւնները կը շարունակուին: Իրենց որջերէն կը հանին ու կը բերին խումբ-խումբ կամ մէկիկ-մէկիկ‚ և մաուզէրի խողովակը վրանին բռնած‚ կը բերին կը լեցնեն Բարլամենտի սրահը‚ որ դեռ քանի մը օր առաջ Շահումեանի անուան նուիրուած բանւորական տուն էր: Այստեղ է նաև Վահրամ Չիթունին‚ Տիգրան Չիթունիին եղբայրը‚ որ այստեղ նրանց ծանօթ պարագլուխներէն էր:
Բայց մեծ մասը փախած է գնացքով և 1500-2000ի չափ զինուած ոյժ արդէն ապաստանած է Ղամարլուի կողմերը‚ ուր մի քանի գիւղ գրաւած է, սպանդանոց սարքած‚ և այնտեղ կատաղի յուսահատութեամբ կը դիմադրին: Օրերնին համրուած է: Հետերնին տարած են հսկայական հարստութիւն‚ տոպրակներով թղթադրամ‚ ոսկի‚ արծաթ և վակոններով […] և ռազմամթերք:
Այսօր մեծ հանդիսաւորութեամբ կատարուեցաւ 37 նահատակներու յուղարկաւորութիւնը: Ամէնէն առաջ կը տանէին Համազասպը (որուն սև շրջանակով պատկերը «Ճակատամարտ»ը կանխիկ հրատարակած էր 24 դեկտ.ի թեւին մէջ): Յետոյ միւսները: Ամէն օր նոր դիակներ ու դիակի մասեր կը գտնուին բանտի նկուղներուն մէջեն:
Կոմունիստ ընկեր Կարօ Համտիլեանը սպաննուած է Էջմիածնի կռիւներուն: Լուրը ստուգման կը կարօտի:
Որդիք Քէմհաճեանի եղբայրը՝ Գալուստը՝ պոլշեւիկեան լրտեսութիւն կ’ընէր‚ և կարծեմ նոյնպէս սպաննուած է: Եթէ Որդիքին լուր պիտի տաս‚ նախ միայն առաջին լուրը տար‚ որպէսզի նախապատրաստուի երկրորդը լսելու:
Աղասին այս րօպէիս այստեղ է: Պօլշեւիկյան առաջին օրերուն‚ բաւական կասկածելի դիրք բռնած էր‚ յայտնի լրտես Նաւասարդ Նաւասարդեանի մտերմութեան մէջ լինելով: Հիմա Ամերիկեան կօմիտէի մէջ ֆէլտշէր է: Ամէն օր մեզ մօտ կուգայ ու կ’երթայ և ինքզինքը բաւական լաւ կը պահէ, գէթ երեսանց: Այդ տղան շատ պիտի յաջողի‚ որովհետև ամէնուն վստահութիւնը և համակրութիւնը գրաւելու տարօրինակ ձիրքը ունի: Կարևոր անձնաւորութեանց պաշտպանեալն է‚ բաւական դրամ շինած է: Թէ ինչպէ՞ս‚ չ’ենք գիտեր: Նշանւած ալ է:
Հ. Մ. Ը Մ. ցաւով պիտի լսէ‚ եթէ դեռ չէ լսած‚ որ տօքթ. Գաբրիէլ Սուրեանը սպաննուած է Ղարսի գրաւման միջոցին:
Իսկ Ճաճուրի կռիւին սպաննուեցաւ մեր սպաներէն Զոհրապ Բագրևանդեանը, սամաթիացի‚ որուն եղբայրը փաստաբան է և դասընկերս է եղած:
«Ճակատամարտ»ի թիւեր ստացանք‚ որոնց մէկուէ մէջին Տաճատի Պոլիս հասնելը լսեցինք: Հետեւցուցինք թէ քոյրիկներս ու Կէնկիւռեան գերդաստանն ալ հասած կը լինին: Քստօյին մասին մտահոգ ենք, որովհետև գաղթի ճանապարհին ասին հիւանդ է եղեր: Ամերիկեան կօմիտէի (all right)ի միջոցաւ իսկոյն ևեթ սկսէք գրել Երևան‚ Dr Usherի հասցէով‚ ինձ յանձնելի: Երկար գրեցէք‚ առանց զանց առնելու և ոչ մի տեղեկութիւն ու մանրամասնութիւն: Ճանիկս‚ թող մեր տունն ալ լուր տայ:
Ճանիկս‚ այս նամակս տրամադրէ Լևոն Թիւթիւնճեան, որպէսզի հետաքրքիր տեղեկութիւնները քաղէ «Ժողովուրդի ձայն»ին համար‚ անշուշտ զանց առնելով մտերմական-ընկերական պարբերութիւները:
Նամակը կարդայ նաև հայրիկիս: Կը ցաւիմ որ առ այժմ ուրիշներու և զատ նամակներ գրելու հնարաւորութիւնը չ’ունիմ:
Օննիկ Ճազմաճեանը նոյնպէս հիմա հասած կը լինի‚ և բաւական բան պատմած:
Այս ամսուն սկիզբները ստացայ հոկտ. 25ի նամակդ: Որքան ուրախ եղայ գոհ տրամադրութիւնդ լսելով: Ի՜նչ յոյսեր էք ունեցեր մեր պատերազմին համար: Մեծ յոյսեր մի ունենաք‚ բայց բնաւ յոյսերնիդ մի կտրէք:
Օննիկը պատմած կը լինի թէ ինչպէս պօլշեւիկները խափանեցին սկաուդական շարժումը‚ որովհետև «Հայրենիքի կործանիչ և յետադիմական գաղափարներ կը ներշնջինք եղեր մանուկներուն» և թէ «անգլիական իմպէրիալիստական մէթոտներուն կը հետեւինք եղէր»: Իսկ հիմա նորէն շարժումը կը վերսկսի‚ բայց ոչ ես, ոչ ալ Եզնիկը տրամադիր ենք գործը ստանձնելու: Հ. Մ.ը թող նոր մարդիկ ղրկէ‚ պայմանաւ որ հոգայ անոնց ապրուստը և Հ. Մ.ը պետականացնելու վնասակար պայմանը չի դնէ: Պետութիւնը ամէն կերպ ջլատեց մեզ‚ իսկ գալով վարձատրութեան‚ ամիսը 50-60000էն աւելի չի տար‚ մինչդեռ այստեղ օրական 20000 պէտք է ապրելու համար: Հացը արժէ 1500‚ միսը 4000‚ շաքարը 40000‚ պանիրը 15000‚ իւղը 25000‚ մեղրը 30000‚ չամիչը 10-12000‚ մէկ պնակ կերակուր 6000‚ ևլն: Բոլորն ալ ֆունտի հաշւով:
Հ. Մ.ին մի քանի օրէն նամակ գրելու միտք ունեմ‚ անգամ մը որ Ալէքպօլ թողուած [իրերու] մասին տեղեկութիւն ստանամ: Թուրքերը քաղաքը կը պարպին‚ և արդէն միլիցիա կ’ուղարկուի քաղաքը ստանձնելու համար: Այսօր Էջօին նամակ գրեցինք:
Տիկին մայրիկէն նամակ եկաւ Աշխէնին: Տրամադրութիւնը լաւ չէ‚ ինչպէս միշտ‚ բայց շուտով կը լինի:
Տիգրանուհին ալ այստեղ է:

25 փետրվար
Կառավարութիւնը որ կազմուած է խրատուած չէ թուիր այս վերջին վեցամսեայի անցքերէն նորէն կազմեցին «միակամ և միաձոյլ» կառավարութիւն մը, որուն մէջ Կարօ Սասունին ներքին գործերը ստանձնած է: Գնա երևակայէ:
Ղամարլուի կողմը փախած պօլշևիկները այնտեղ վերակազմուելով սկսած են նեղել մերոնց: Զօրակոչ կայ‚ բայց միայն կամաւորներու: Մենք ալ կ’երթանք:


***
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 671
Point(s): 41 691
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Mar 20 Fév 2018 - 03:54
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
Répondre en citant

***

Մարտ 2
Անձկութեան օրեր ապրեցանք‚ թանձրօրէն պատմական‚ ճակատագրական օրեր: Բայց յաղթեցինք: Համառօտ կերպով պատմեմ:
Ղամարլու փախչողները օգտագործելով իրենց ձեռքը գտնուող զրահապատ գնացքները‚ սկսան յառաջանալ դէպի Երևան‚ ետ քշելով մեր զինեալ ոյժերը‚ որոնք զուրկ էին որ և է կազմակերպութենէ և ղեկավարութենէ‚ և որոնք յաճախ ալ խուճապի մատնուեցան: Փետրուար 26ին ատելի թշնամին հասաւ Երևանի շատ մոտ Նորագաւիթ գիւղը: Դրութիւնը լուրջ դարձաւ: Եղիշը‚ Փիթը և ես զէնքերը հանեցինք ու գնացինք ճակատ‚ որը 9 վէրսթ հեռու էր քաղաքէն:
Հրամանատարութիւն‚ զանազան դիրքերու միջև կապ‚ կռիւը ղեկավարող որ և է մարմին չկար‚ և չարաչար տուժեցինք: Դիրքերը հասանք թէ չէ‚ կռիւը սկսաւ: Մարդուն մէկը խուճապ յառաջ բերաւ և դիրքերը պարպուեցան: Երբ մի տեղ հաւաքուեցանք‚ ոչ խուճապը հանողը գտանք ոչ ալ խուճապին պատճառը: Դիրքերը նորեն բռնեցինք: Տեսնելով որ այս տրամադրութեամբ զուր է դրական արդիւնքը յուսալ‚ Փիթը ու ես խրամատներէն դուրս նետուեցանք և կատաղի «հուռաներով» խոյացանք առաջ: Այնքան գինովցած էինք որ միտքերնիս եկածը դուրս կուտայինք «վա՞ր մը պիզէ եան պագան»‚ «բրասո կիպի քէսէրիզ»‚ ևլն: Մեր ուժերը հետեւեցան մեզի‚ և թշնամին խուճապով սկսան փախնիլ: Տեսնայիք ինչխ փախնէին կը: Մերոնք գրաւեցին Նորագաւիթը‚ մինչդեռ մենք ձախ կողմէն պաշարողական շարժում կ’ընէինք 5 հոգիով: Փիթը‚ ես‚ երկու պիծա և ուրիշ մը:
Հակայարձակման դիմող օգնական ոյժերու դէմ բաւական երկար դիմադրեցինք‚ մինչև մեր ծունկերը հասնոտ ձիւնին‚ ջուրին ու ցեխին մէջ: Յանկարծ տեսանք որ կղզիացած ենք: Կեդրոնն ու աջ թևը առանց պատճառի ետ կը քաշուէին: Այնպէս որ թշնամու կեդրոնացեալ կրակին տակ մենք ալ նահանջեցինք: Զուր անցաւ այդ փայլուն խոյանքը և մեր հին դիրքերը մտանք նորէն: Ցուրտը այնքան սաստիկ էր: Մեր ուժերը‚ որոնք արդէն պետ մը չ’ունէին‚ գյուղին տուները լեցուեցան տաքնալու‚ ցեխով ու ջուրով ծեփուած հագուստնին չորացնելու: Առտուն կանուխ‚ մերոնք դեռ իրենց դիրքերը չ’էին բռնած‚ երբ թշնամին վրայ տուաւ‚ և մերոնք խուճապով թողեցին Շենգաւիթն ալ: Զինուած ոյժերը բռնեցին քաղաքին անմիջական դիրքերը‚ իսկ թշնամուն թնթանօթները սկսան ծեծել քաղաքին կայարանին շրջակայ մասերը: Ամբողջ օրը տեղի ունեցաւ ճիշտ մեր աչքերուն տակ‚ հրաշալի թնթանօթամարտ‚ որուն մէջ մեր հրետանին յայտնապէս գերազանց ելաւ: Արևամուտին Սմբատի զորամասը Ուլուխանլուի կողմէն թշնամիին կռնակը անցաւ: Քաղաքը ծեծող թշնամիները սկսան դէպի ետ կրակել: Առաւօտուն արդէն թշնամի չկար: Խուճապով փախած էին Ղամարլու:
Փետր. 28-ի օրուան կռիւները զիս այնքան տաժանելիօրէն յոգնեցուցին որ դեռ սրունքներս հազիւ կարող են զիս պահել: Այդպէս ծայրայեղ‚ լարուած ու խտացեալ խոնջենք երբէք չ’եմ ունեցեր‚ այսքան տարի որ կը կռուիմ:
Քաջ Աղասին հերոսացաւ: Ձախ սրունքէն վիրաւորուցեաւ Նորագաւիթի կռիւին: Վէրքը շատ թեթև է‚ և այսօր գացինք այցելելու:
Վտանգը անցաւ‚ բայց մեզ կը մտահոգէ Թիֆլիսը: Ուրկէ քանի օր է լուր չ’ունինք: Եթէ Վրաստան իյնայ և մի որ և է ուժ չի հասնի մեզի‚ վա՜յ է եկեր Հայաստանին:


Վահան, Փիթ, Նարդուհի Զեննեյան

Մարտ 3
Ճանիկս‚ նամակս պիտի փակիմ‚ որովհետև վաղը կամ միւս օր Զանգէզուր կը մեկնիմ: Կառավարութիւնը առաքելութիւն մը կը ղրկէ‚ որպէսզի Նժդէհին հետ կապ հաստատինք‚ պարզենք դրութիւնը և բրօբականտ ընինք որ Զանգէզուրը չի լքէ իր դիրքերը‚ և ամուր մնայ իբր պահեստի ուժ վտանգի պարագային: Ճամբորդութիւնը դժուար է‚ ձիւնը բռնած է գլխաւոր անցքերը: Բայց ոչինչ: Սկաուդին համար արգէլք չկայ‚ չէ՞ ճանիկս:
Հետս եկողներէն մէկն է խոտրջուրցի Թորգոմը‚ որ լաւ ծանօթ է ձերոնց և մանաւանդ իմ թանկագին Յակոբ Չաուշիս:
Այդտեղ լաւ թող գիտնան ամէնքը որ պօլշևիկեան լուծը թափ տուող և անցեալ օր ալ Երևանը փրկողները եղած են տաճկահայերը‚ մասնաւորաբար վանեցիները: Տեղացիները առ հասարակ աւելի վերապահ դիրք պահեցին‚ և մի քանի գիւղեր միայն փոքր խումբեր ուղարկեցին: Ելենովկայի շրջանի 4-5 հայ գիւղեր շատ յամառութեամբ կռուեցան մերոնց դէմ:
Շատ հաւանական է որ վաղը մեկնենք‚ այնպէս որ առ այժմ նամակս կը փակեմ‚ առաջին առթիւ թղթակցութիւնս վերսկսիլ խոստանալով: Քեզ չափէ դուրս կարօտցած եմ‚ և հակառակ այն բանին որ այս անգամ նորէն գոհունակութիւն ունեցայ կռուելու այս ապերախտ հողին համար‚ դեռ չ’եմ կարողացած ինձ ներել՝ քեզմէ բաժնուելս: Ինչ լաւ պիտի լինէինք մանաւանդ հիմա որ միւսներն ալ եկած են քու մօտ: Վերջապէս ճանիկս‚ լաւ գիտցիր որ եթէ ինձ մնայ‚ թռչելով կուգամ նորէն ձեր քով: Վերադարձս միայն ժամանակի և միջոցի խնդիր է: Իմ տրամադրութեան վրայ մի կասկածիր: Քանի դուն‚ հայրիկս և քոյրիկներս այդտեղ են‚ ես գործ չ’ունիմ այս սնանկ երկրին ու ժողովուրդին մէջ: Մեծ վտանգներ անցուցի այս քանի մը օրս‚ և եթէ ողջ եմ‚ երևի ինձ վերապահուած է նորէն իմ սիրական ճանիկս համբուրելու օրը:
Սիրով ու կարօտով կը համբուրիս քոյրիկները, Կէնկիւռ եղբայրս‚ Քստօն‚ Լևոն եղբայրս‚ հայրիկս‚ բոլոր սիրելի ընկերներս: Ջերմ բարևներ‚ յաջողութիւն‚ մաղթանքներ ամէնուն‚ մանաւանդ Հ. Մ.ին‚ սկաուդներուն‚ ևլն: Յակոբ Չաուշին‚ Սիմօնին‚ Դռնունիին‚ Նուպարին‚ քաջ լողորդ Անդրանիկին‚ Աւետիսին‚ Ճիզմէյին‚ Յակոբեաններուն‚ Խըյարճիին‚ Գնալըի տղոց‚ Օննիկին‚ Օշինին‚ Մամմասին‚ Որդիքին‚ Ֆրէնկեանին‚ Ժիլպէրին‚ Արծիւին‚ Տախտակին‚ Եդուարդին‚ Աբէլեանին‚ ևլն‚ ևլն: Վարագին ըսէ որ իր նուիրած մետալը նորէն ինձ հետ անբաժան էր այս վերջին կռիւներուն և հետս պիտի տանեմ Զանգէզուրի լեռները: Վարագին յայտնէ մանաւանդ որ Վարդուհիին եղբայրը Մարգարը այստեղ է: Յաճախ կը տեսնամ‚ և առաջին առիթով պիտի անցնի Պոլիս: Շատ լաւ է: Եթէ Զարէհը դեռ Ամերիկա չէ գացած‚ թող իմ մասիս տեղեկութիւններ գրէ Գաբրիէլին‚ և հաղորդէ համբոյրներս:
Ներփակ նամակս (եթէ չ’եմ մոռցած) նամակատունը ձգէ: Գրած եմ որ դրամ ղրկէ ինձ քու անունովդ: Եթէ ի վիճակի է ղրկելու կը ղրկէ: Իսկ ինչ որ ղրկեց‚ 3/4-ը ծախսէ քու պէտքերուդ‚ իսկ 1/4 պահէ ինձ համար: Թերևս Պօլիս գալուս‚ կամ գալէս առաջ պէտք ունենամ: Եթէ Պաթումով գամ կը հեռագրեմ որ ղրկես:
Ներփակ կը գտնիս նաև պօլշևիկներուն առաջին յայտարարագիրը‚ և փետր. 18ի փառաւոր յեղաշրջումէն վերջ հրատարակւող «Ազատ Հայաստանի» առաջին թիւը‚ որը կը տրամադրես «Ժ. ձայնին»: Յայտնէ Թիւթիւնճեանին որ նոյն թերթին համար պահած եմ պօլշևիկներուն հրատարակած «Կօմունիստ» թերթին շահեկան թիւերը: Երբ ապահով միջոցներ լինեն‚ կը ղրկեմ:
Դուն ալ թերթ պահէ ինձ: Իսկ նամակ միշտ գրէ Ամեր. կօմիտէի միջոցաւ: Գիտցիր որ ձերիններուն ողջամբ հասնելուն մասին ալ մի լուր չ’ունինք դեռ:
Առողջութիւնս շատ լաւ է և տրամադրութիւնս խիստ բարձր: Երջանիկ եմ անով որ մեր այս փառաւոր յեղաշրջումը վերահաստատեց մեր վարկը յ’աչս օտարին: Մենք պիտի կռուինք պօլշևիկեան որ և է վերադարձի դէմ‚ և եթէ Նժդէհի հետ կապը յաջողինք հաստատիլ‚ վստահ եղէք որ կը յաղթենք:
Նոր-Պայազետն ալ մերն է: Ուրեմն ճամբաս բաց է: Այնտեղէն անցնելուս կ’այցելեմ դժբախտ արմաշականներուն:
Փիթը շատ լաւ է և խլացած, քէբազէութեան չափը ու սահմանը չկայ:
Հազարաւոր համբոյրներով Վահան:
//
Ներփակ կը ղրկիմ նաև մի քանի հայկական թղթադրամներ: Աճուրդի հանէ զանոնք յ’օգուտ տասնեակիդ գունքին: Հիմակ նոր և աւելի գեղեցիկ փողեր երևան ելած են: Բայց դեռ քիչ են:

***

Մարտ 5
Զանկէզուր երթալու ծրագիրը մէկ կողմ թողուեցան: Արդէն Տարալագեազն ալ ապստամբած է և Զանկէզուրի զօրամասը հասած է Քէշիշքէնտ: Շուտով կապ կը հաստատուի:
Երևանի ճակատին վրայ ձերոնք մտան Ղամարլու և աւելի առաջ ալ անցան: Ղամարլուի մէջ պօլշևիկները կոտորած են սարքեր: Գինիի և օղիի կարասները‚ ցորենի հորերը‚ գոմերն ու մարագները լեցուած են դիակներով:
Երևանի մէջ գրեթէ նօրմալ կեանքը‚ բայց պարէնի սակաւութիւնը սկսած է մտահոգիչ դառնալ:
Այսօր սկաուդական գրասենեակ բացուեցաւ‚ որուն վրայ պարզեցինք Հ. Մ. Հ. Մ.ի դրօշը‚ եռագոյնին կողքին:

***

8 մարտ
Վաղը չէ միւս օր կը մեկնիմ Ալէք. Պօլ: Թուղթերս ստացած եմ: Այնտեղի դրութենէն և գոյքերուս վիճակէն կախում պիտի ունենայ իմ որոշումը‚ բայց շա՜տ հաւանական է որ այնտեղէն ճանապարհ որոնիմ դէպի Պօլիս:
Այսօր Աշխէնը տեսայ: Տիկնոջ համար նամակ տուաւ‚ և սիրով կը բարևէ քոյրիկներուս:
Կարօ Համտիլեանը Վաղարշապատի բանտը կը գտնուի:
Երէկ լաւ լուրեր ստացանք և ժողովուրդը ոգևորուած է Բէթրօկրադի դէպքերը‚ դաշնակիցներու Պաթում ելնելը (եթէ ստոյգ է)‚ ևլն: Վրաստանէն լուր չկայ:

***

10 մարտ
Նամակս կը փակիմ այսօր, Վարդանանցի օրով‚ որ ի մէջ այլոց իմ ու սիրելի ճանիկիս տօնախմբութիւնն է: Փողոցները ոգևորութիւն կայ և նուէրներ կը հաւաքուին վիրաւորուած կռուողներու օգտին:
Այս նամակս կը յանձնեմ ամերիկացի պրն. Բիրսին‚ որ մօտերս դէպի Պօլիս կը մեկնի:
Ես ալ վաղը ճանապարհ կ’ընկնիմ դէպի Ալէք-պօլ‚ որ առաջին հանգրուանս պիտի լինի դէպի ձեզ գալու համար: Շատեր կը մեկնին արդէն: Շիրակը այսօր գնաց‚ իսկ ինձ հետ պիտի լինի Հմայեակը: Այս անձերը ծանօթ են Վարդանուշին:
Նամակս մի տար Թիւթիւնճեանին կարդալու‚ ինչպէս գրած էի‚ այլ հատուածաբար հաղորդէ տեղեկութիւններ‚ եթէ մինչև ցարդ աւելի կարևորները չ’են ստացած:
Այստեղ թանկութինը և պարէնացման տագնապը ծայրայեղ և դեռ կը լինեն: Մի քանի շաբաթէն անխուսափելի սով է‚ և այդ հեռանկարը ահաբեկման մատնած է ժողովուրդին‚ որ ո´ւր երթալը‚ ի´նչ ընելը չի գիտեր:
Եթէ Փիթին եղբօր հետ կը հաղորդակցէք‚ Փիթին ու իմ համբոյրներս ուղարկեցէք իրեն:
Աղասին ալ կը բարևէ‚ ոտքին վէրքը փոքր ինչ բորբոքած է‚ բայց մտահոգութիւն չի պատճառեր:
Արդեօք Վարդանուշը և Թագուհին զբաղում գտան: Վազգէնը թող իմ կողմէս խօսի Բիւզանդին: Թէև այդ աղային քիթը բաւական զարգացած գտայ: Երանի թէ որբանոցային աշխատանք մը ճարած լինեն‚ որ պարագային իմ վերադարձիս կը ջանայի հետերնին լինել:
Համբոյրներս հայրիկիս ու Լևոնին‚ նաև մայրիկիս (եթէ կ’ընդունի): Կը շեշտէք որ ես շատ լաւ եմ առողջութեամբ‚ բայց կը ձանձրանամ և մտահոգուած եմ ձեր ու իրենց վիճակով:
Հ. Մ.-ին այս անգամ չի կրցի գրել‚ արդէն ոչինչ կայ գրելու արժանի:
Կը գրեմ Ալէք. Պօլէն:
Համբոյրներ Վահան:
Կը ներփակեմ նաև նոր դրամներէն 50 րուբլինոց մը:

http://inknagir.org/?p=8102
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
mafilou
Administrateur
Administrateur

Hors ligne

Inscrit le: 04 Sep 2006
Messages: 13 671
Point(s): 41 691
Moyenne de points: 3,05

MessagePosté le: Dim 11 Mar 2018 - 04:14
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն
Répondre en citant

1921 թ. փետրվարի 17` լույս 18-ի գիշերը, բոլշևիկները Երեւանի բանտում թուրք մսագործի ձեռքով կացնահարեցին հայազգի 21 մտավորականի ու զինվորական գործչի, որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին:
Կացնահարվածների մեջ էին Խմբապետ Համազասպը( Վանի, Ասկերանի «դյուցազն» էր, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Մակեդոնը, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լեւոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, Մուշեղ եւ Մուրադ Հարությունյաններն ու ուրիշներ։



1921 թ. փետրվարի
_________________
Emeğe saygılı olun, alıntılarınızda link gösterin ...


Revenir en haut
Contenu Sponsorisé






MessagePosté le: Aujourd’hui à 09:16
MessageSujet du message: 17 - 18 Subat 1921 Փետրվարյան ապստամբություն

Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Courant / Contre-courant (points de vue - Տեսակետ - Görüş açısı) -> Histoire arménienne-Հայոց Պատմություն-Ermeni tarihi Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com