Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Համշենահայութեան մեծ որդին` Միսաք Թոռլլաքեանը (1889-1968)
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Hamshen - Համշենի - Hemşin
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 987
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Dim 30 Aoû 2009 - 22:16
MessageSujet du message: Համշենահայութեան մեծ որդին` Միսաք Թոռլլաքեանը (1889-1968)
Répondre en citant

Հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Միսաք Թոռլաքյանը ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Քյուշանա գյուղում 1889 թվականին: Պատանեկան տարիներին նա ականատես է լինում թուրքական իշխանությունների կազմակերպված Պոնտոսի հայ բնակչության ջարդերին: Հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ տեղեկանում է ֆիդայիների մասին: Միսաք Թոռլաքյանը հիշում է. «Իմ հոր պատմածով, նրանք դաշնակցական-հեղափոխականներ էին, ովքեր պայքարում էին ստրկությունից հայ ժողովրդի ազատագրության համար: «Հեղափոխական» բառերն այն ժամանակ ինձ համար անհասկանալի էին, բայց իմ ամբողջ մանկական հոգով ես երազում էի տեսնել այդ խորհրդավոր եւ խիզախ մարդկանց: Ես խնդրեցի հորս նրանց բերել մեր տուն...Ես երազում էի դառնալ դաշնակցական եւ վրեժխնդիր լինել թուրք-դահիճների եւ դավաճան հայերի հետ»:

Միսաքը շուտով դառնում է Դաշնակցության անդամ: Սկզբնական շրջանում նրան լուրջ հանձնարարություններ չէին տալիս: Որպեսզի իրեն ցույց տա աշխատանքի մեջ, նա իր ընկերների հետ որոշում է ձեռք բերել սեփական զենք եւ գործել թուրքերի դեմ, ինչի մասին տեղեկացնում է Տրապիզոնի հեղափոխական կոմիտեին: Այդպիսով նա հայտնի է դառնում Համշենի հայդուկների շրջանում: Նրանք Տրապիզոնի շրջանի բոլոր գյուղերում կազմակերպում են երիտասարդական խմբեր` ուժեղացնելով Պոնտոսի հայ ազատագրական շարժումը: Ժողովրդական մարտիկների շարքերում նա ամենաակտիվ կերպով գործել է մինչեւ 1908թ., երբ երիտթուրքերը տապալեցին սուլթանական կառավարությունը: Թոռլաքյանի խոսքերով, չնայած որոշվեց ժամանակավորապես ձեռնպահ մնալ ակտիվ հայդուկային պայքարից, այնուամենայնիվ «Տրապիզոնը Դաշնակցության համար դարձավ դեպի Երկիր զենք եւ զինամթերք տեղափոխելու ամենագլխավոր կենտրոնը»:
1910թ., ինչպես եւ Օսմանյան կայսրության բազմաթիվ հայեր, Մ. Թոռլաքյանը զորակոչվեց բանակ: Բալկանյան պատերազմի ժամանակ Էրզրումի շրջանում գտնվող թուրքերի մոտ, որտեղ կանգնած էր Մ. Թոռլաքյանի գունդը, լուրեր սկսեցին տարածվել այն մասին, որ հայերը Բալկաններում կռվում են թուրքերի դեմ, իսկ նրանց զորահրամանատար Անդրանիկն իրականացնում է թուրք բնակչության կոտորածներ: Հատուկ շրջանառության մեջ դրվող այս լուրերը եւ խոսակցությունները դարձան մոտեցող Եղեռնի նախալուրերից մեկը: Թոռլաքյանը պատմում է, որ այն ժամանակ Դաշնակցությունը «կանխատեսելով մոտեցող վտանգը` սկսեց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ տանել ինքնապաշտպանական ուժերի կազմակերպման ուղղությամբ: Իրենց ամբողջ զենքն ու զինամթերքը դաշնակցականները հանեցին թաքստոցներից եւ բաժանեցին քաղաքի (Տրապիզոնի) հայկական թաղամասերում»:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մ. Թոռլաքյանը գտնվում էր Էրզրումում Օսմանյան կայսրության 12-րդ բանակի 4-րդ գնդի կազմում: Զգալով բանակում հայ զինվորների ոչնչացման հնարավորությունը, Մ. Թոռլաքյանը գաղտնի փախչում եւ միանում է Էրզրում-Տրապիզոն ուղղությամբ գործող հայդուկների խմբին: Շուտով նա դարձավ Տրապիզոնի շրջանի Ինքնապաշտպանական ռազմական մարմնի անդամ: 1915 թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Սարիղամիշի ճակատամարտում պարտություն կրելուց հետո մոլի հայատյաց Էնվեր փաշան մտադիր է Տրապիզոնի վրայով անցնել Ստամբուլ: Գաղտնի ժողովում որոշվեց նրան ահաբեկել Տրապիզոնում: Սակայն վերջին պահին Էնվերին հաջողվեց խուսափել արժանի պատժից: Տրապիզոնում հայերի 1915 թ. կոտորածների ժամանակ Մ. Թոռլաքյանը եւ մնացած հայդուկները կազմակերպեցին հայերի ինքնապաշտպանությունը` դրանով մահից փրկելով շատ հայերի: Փորձելով գիտակցել թուրքերին հատուկ եղեռնագործության ֆենոմենը եւ մյուս ժողովուրդներին ոչնչացնելու մոլուցքը, Մ. Թոռլաքյանը գրում է. «Անհրաժեշտ է ճանաչել թուրքի հոգին, որպեսզի հնարավոր լինի բացատրել մարդկության պատմության մեջ աննախադեպ արյունոտ իրադարձությունները` հայերի 1915 թ. ցեղասպանությունը»:
1915 թ. Թոռլաքյանն անցնում է Թիֆլիս, այնտեղից էլ Երեւան: Այնտեղ նա մտնում է Իշխան Արղությանի կամավորական գնդի մեջ, մասնակցում է մի քանի կարեւոր մարտերի, որից հետո կուսակցության որոշմամբ իր ջոկատով Սուխումի վրայով անցնում է Տրապիզոն:

1916 թ. ռուսական զորքերն ազատագրեցին Տրապիզոնը: Թոռլաքյանը հիշում է. «Տրապիզոնում իմ առաջին գործը եղավ Տրապիզոնի ռուսական բանակում հետախուզական ծառայության անցնելը: Դրանով ես հնարավորություն էի ստանում մտնել թուրքական գյուղերը, խուզարկություններ կատարել, փնտրել եւ գտնել այնտեղ թաքնված հայերին: Նաեւ ես կարող էի վրեժխնդիր լինել թուրք հանցագործներից»: Ռուսական բանակում ծառայելու համար Մ. Թոռլաքյանը պարգեւատրվել է Մարտական խաչով:

1917 թ. փետրվարյան ապստամբությունից հետո, երբ ռուսական զորքերը թողեցին Տրապիզոնը, Մ. Թոռլաքյանը տեղի կուսակցական ընկերների հետ կազմակերպեց Տրապիզոնի հայ բնակչության անցումը Տրապիզոնից Բաթումի վրայով Անդրկովկաս:

1918 թ. հունվարին սկսվեց թուրքական զորքերի արշավանքը Անդրկովկաս: Հայդուկների Տրապիզոնյան խումբը միանում է Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ գործող զորքերին: Մինչ այդ Տրապիզոնյան ջոկատը տեղայնացվել էր Կարսում, որտեղ այն հսկում էր հայկական զորքերի եւ խաղաղ հայ բնակչության նահանջը մինչեւ Արաքս գետը: Մայիսի վերջին ջոկատը մասնակցեց Բաշ-Ապարանի ճակատամարտին: Մ. Թոռլաքյանը պատմում է. «Մենք ընկերներով մոտեցանք Դրոյին: Այդ պահը շատ հստակ կանգնած է իմ աչքերի առջեւ: Կամավորների բազմաթիվ խմբեր, ոմանք զինված, իսկ մյուսները` կացիններով եւ սրերով, նրանց որոշ մասը ծերեր եւ պատանիներ, մեկը մյուսի ետեւից մոտենում էին Դրոյին եւ հայտարարում. «Բարեւ, Դրո, ահա մենք եկել ենք քեզ մոտ, հրամայի՛ր»: Եվ Դրոն անհրաժեշտ կարգադրություններ էր կատարում` բոլոր ուժերն ուղղելով Հայրենիքի փրկության համար»: Այդ աշխատանքում մեծ հերոսին օգնում էր բազում մարտերում կոփված Միսաք Թոռլաքյանը: Նա գտնվում էր այն առաջապահ ջոկատում, որը Դրոյի հրամանով Բաշ-Ապարանի ճակատամարտում սկսեց հարձակումը թուրքական զորքերի դիրքերի վրա: Ծանր վիրավորվել է: Առողջությունը վերականգնելու համար Թոռլաքյանին ուղարկել են Սուխում, որտեղից էլ նա անցել է Սոչի: 1920 թ. կուսակցության հանձնարարությամբ, թուրքական զորքերին թիկունքից հարվածելու համար Թոռլաքյանը կամավորականների ջակատով պետք է անցներ Տրապիզոն, սակայն այդ գործողությունը չհաջողվեց:

1921 թ. Մ.Թոռլաքյանը գալիս է Ստամբուլ եւ Հարություն Հարությունյանի եւ Երվանդ Ֆնդիկյանի հետ դաշնակցականների Կ.Պոլսի խմբի կազմում դառնում է «Նեմեսիս» գործողության մասնակիցներից մեկը: Թոռլաքյանին եւ նրա ընկերներին հանձնարարվեց հետեւել եւ ոչնչացնել Աղաեվին, որը հայերի կոտորածների կազմակերպիչներից մեկն էր Բաքվում: Սակայն տեղի ունեցավ անկանխատեսելին: Բաքվի Հայ Ազգային խորհրդի նախկին ղեկավար Աբրահամ Գյուլխանդարյանը անցորդներից մեկի մեջ ճանաչեց Բաքվում եւ Բաքվի նահանգում հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչներից Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջվանշիրին: Մ. Թոռլաքյանը նրան անվանում է «Ադրբեջանի Թալեաթ»: «Հետապնդումը սկսվեց անմիջապես: Այդ գործողության իրականացման պատիվն ընձեռնվեց ինձ: 1921 թ. հուլիսի 18-ի երեկոյան երկու մեքենաներ կանգնեցին «Բերա Պալաս» հյուրանոցի մոտ, որտեղ ապրում էր Ջվանշիրը: Երբ նա դուրս եկավ սրճարանից եւ գնաց հյուրանոցի ուղղությամբ, մարդկանց ամբոխի միջից ես մոտեցա նրան: Նա շատ բարձրահասակ էր: Այդ պատճառով ես կրակեցի ոչ թե նրա գլխին, այլ կողքին: Առաջին գնդակը նրան չտապալեց: Նա կարողացավ պինդ կառչել իմ ձեռքերից: Դրանով, նա ինձ օգնեց, քանի որ դեպի ինձ թեքվեց կրծքով: Ես երկու անգամ կրակեցի նրա կրծքին: Նա ընկավ: Ես ցանկացա փախչել մոտակա գերեզմանոցի միջով, սակայն լսեցի Ջվանշիրի ձայնը, ով օգնության էր կանչում: Ես մտածեցի. «Նա դեռ չի մահացել, անհրաժեշտ է վերադառնալ եւ վերջ տալ նրան»: Նրա շուրջն արդեն հավաքվել էին 20-30 մարդ: Նրանք, երբ իմ ձեռքում զենք տեսան, մի կողմ քաշվեցին: Ես մոտեցա եւ մի գնդակ եւս ուղարկեցի նրա սիրտը...Ես փորձեցի փախչել, բայց ինչ-որ մեկը բռնեց ինձ: Դա Ջվանշիրի եղբայրն էր: Ես կրակեցի նրա աչքին, սակայն նա ինձ բաց չէր թողնում եւ ես որոշեցի հանձնվել, քանի որ մոտենում էին ոստիկանները: Ինձ մոտեցավ թուրք ոստիկաններից մեկը, որը փորձեց վերցնել զենքը: Ես ասացի. «Նույնիսկ մի փորձիր, թե չէ շան նման կսատկացնեմ»: Այդպես մենք կանգնել էինք, մինչեւ հասան ֆրանսիացի ոստիկանները: Ես զենքը տվեցին նրանց: Այնժամ սկսվեց ծեծը: Ինձ հարվածում էին բոլորը: Երբ գործը հասավ ոստիկանությանը, իմ վրա հագուստից գրեթե ոչինչ չէր մնացել: Սկսվեց հիմնական ծեծը: Ես ուշագնաց եղա: Երբ ուշքի եկա, ապա տեսա, որ ինձ է մոտենում ֆրանսիացի ոստիկանը մեծ մահակով: Այդ պահին, ոստիկանական բաժանմունքի ղեկավարին, ով կատարվածին նայում էր բացակայող հայացքով, մոտեցավ թուրքական ոստիկանության գաղտնի աշխատակիցը եւ նրան նկատողություն արեց: Երբ ֆրանսիացի ոստիկանը բարձրացրեց մահակը, որպեսզի հարվածի իմ գլխին եւ սպանի, ոստիկանական բաժանմունքի ղեկավարը միջամտեց. «Դուք իրավունք չունեք ինչ-որ մեկին սպանել այստեղ, իմ բաժանմունքում: Սպանվածը թուրք էր, իսկ այս մարդը երեւի հայ է եւ հավանաբար մեր հպատակը»: Ծեծն ավարտվեց, սկսվեց հարցաքննությունը»: Դատն այդ գործով տեւեց մի քանի ամիս: Դատարանի առաջ կանգնած Թոռլաքյանը վկաների ցուցմունքների լսումներից եւ Բաքվում հայերի ջարդերի նյութերի ծանոթացումից հետո, հոկտեմբերի 20-ին, բրիտանական դատարանի կողմից պատասխանատու չճանաչվեց իր գործողությունների համար եւ մեկ ամիս անց արտաքսվեց Հունաստան, որտեղ նրան ազատ արձակեցին:

Հունաստանից Թոռլաքյանը ուղեւորվեց Սերբիա, այնտեղից էլ` Ռումինիա: Այնտեղ նա ընկերների հետ սկսեց զբաղվել ֆերմերությամբ: 1925 թ. Ռումինիա է ժամանում Դրոն: Նա աշխատանքի է անցնում տեղի նավթային մագնատ Ղուկասովների մոտ որպես նրանց ընկերության գործերի կառավարիչ: Այնտեղ էլ նա աշխատանքի է տեղավորում իր ծանոթ Թոռլաքյանին: Ավելի ուշ Դրոն բացում է իր սեփական ձեռնարկությունը, որտեղ աշխատանք է տալիս նաեւ Միսաքին: Այդպես նրանք միասին աշխատում են մինչեւ 1941թ.:

Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մ. Թոռլաքյանը գրում է. «Մենք` հայերս, անհանգստանալու պատճառ ունեինք: Ինչպե՞ս մենք կարող ենք պաշտպանել հայերին, ովքեր ապրում են Հիտլերի կողմից նվաճված տարածքներում: Նրանց հարկադիր աշխատանքների համար քշում էին Գերմանիա: Ինչպե՞ս մենք կարող ենք փրկել հայ ռազմագերիներին, ովքեր ընկնում են գերմանացիների ձեռքը: Ինչպե՞ս օգնել հայ փախստականներին, որպեսզի նրանք չկորչեն այս համաեվրոպական սպանդում: Անկախ ամեն ինչից, անկախ մեր գաղափարական կողմնորոշումներից, Գերմանիան այն ժամանակ հաղթում էր բոլոր ճակատներում: Անհրաժեշտ էր բոլոր միջոցներով փրկել մեր ժողովրդին 1915թ. ճակատագրից: Բեռլինում մեր ղեկավարները Հիտլերի կառավարությունում սկսեցին որոնել անհրաժեշտ կապեր»: Գերմանական կառավարության համաձայնությամբ եւ Դրոյի ցուցումով, Թոռլաքյանը ուղեւորվում է Վարշավա, իսկ այնտեղից էլ Ուկրաինա եւ Ղրիմ: Հասնում է մինչեւ Կրասնոդար: Ամենուրեք նա զբաղվում է հայ բնակչության եւ ռազմագերիների փրկությամբ: Արդյունքում բազմահազար հայեր փրկվեցին դառը ճակատագրից: Նա գրում է. «Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ շնորհիվ Դրոյի կապերի Ղրիմի հայությունը փրկվեց ոչնչացումից: Առանց այդ կապերի եւ առանց մեր աշխատանքի, այսօր անհնարին կլիներ այնտեղ գտնել թեկուզ մեկ ողջ մնացած հայ:

Պատերազմի ընթացքում Դրոյի եւ Նժդեհի հետ Թոռլաքյանը մասնակցեց հայ զորամիավորումների ձեւավորմանը Վերմախտի կազմում: Ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական եւ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները: Անձամբ ղեկավարել է պանթուրքիզմի տարածմանը եւ Կովկասի նվաճմանը վերաբերող թուրքական ղեկավարության գաղտնի փաստաթղթերի զավթման գործողությունը: Թուրքիայում ձեռք բերված փաստաթղթերը, որոնք ներկայացվեցին Ռոզենբերգին, պատճառ հանդիսացան Ռեյխին չվստահել Թուրքիային որպես դաշնակցի: Դրանից հետո Ռեյխի ղեկավարությունը հրաժարվեց օգտագործել թուրքական բանակը Կովկասում: Փայլուն անցկացված գործողության համար կապիտան Միսաք Թոռլաքյանը եւ բազում այլ հետախույզներ պարգեւատրվեցին եւ բարձրագույն կոչումներ ստացան:

Պատերազմի վերջում Միսաքը հայտնվեց ամերիկյան օկուպացված տարածքում եւ որպես ռազմական հանցանք չգործած անձ, ազատ արձակվեց: Նա որոշ ժամանակ ապրեց Արեւմտյան Գերմանիայում, զբաղվել է Շտուտգարտ քաղաքի ճամբարում հավաքված հայ փախստականներով: Նա բազմաթիվ փախստականների օգնեց անցնել ԱՄՆ: Վերջ ի վերջո այնտեղ ուղեւորվեց նաեւ ինքը:

Կալիֆորնիայում բնակվելու տարիներին Մ. Թոռլաքյանը գրեց «Օրերուս հետ» ինքնակենսագրական գիրքը: Այդ գրքում նա հետագա սերունդների համար պահպանել է Պոնտոսի, Արեւմտյան Հայաստանի եւ Անդրկովկասի հայդուկային շարժման պատմությունը, տրապիզոնյան բազմաթիվ հայդուկների կենսագրական տվյալները եւ լայն շրջանակներին անհայտ բազմաթիվ մանրամասներ հայ ազգային-ազատագրական պայքարի մասին:

Միսաք Թոռլաքյանը վախճանվել է 1968 թ. ԱՄՆ-ում:


Արման Եղիազարյան


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Dim 30 Aoû 2009 - 22:16
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> D'hier à nos jours - Երեկ և այսօր - Dünden bugüne -> Hamshen - Համշենի - Hemşin Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com