Welcome Guest: S’enregistrer | Connexion
 
FAQ| Rechercher| Membres| Groupes
 
Ռալֆ Ջորդանօն‘ Հայ Դատի Անխոնջ Պայքարողը
 
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> 24 Nisan 1915'i anma, tartışmalar - commémorations, débats, annonces
Sujet précédent :: Sujet suivant  
Auteur Message
Sireli
V.I.P.
V.I.P.

Hors ligne

Inscrit le: 13 Juil 2008
Messages: 1 601
Point(s): 5 987
Moyenne de points: 3,74

MessagePosté le: Jeu 28 Jan 2010 - 12:16
MessageSujet du message: Ռալֆ Ջորդանօն‘ Հայ Դատի Անխոնջ Պայքարողը
Répondre en citant

Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպութեամբ, Բրիւսէլի Եւրոխորհրդարանի համալիրում, տեղի ունեցաւ Ցեղասպանութեան ուրացման հարցին նւիրւած միջազգային մի խորհրդաժողով: Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի, հրէական Laic-ի ու Ռուանդայի ցեղասպանութիւնից վերապրողների կազմակերպութեան համատեղ ջանքերով գործադրւած այս կարեւոր խորհրդաժողովը կրում էր «Ուրացումը եւ ժողովրդավարութիւնը՝ Եւրոպայում» խորագիրը եւ ընդարձակօրէն քննեց այն իրողութիւնը, թէ ուրացումը որքանո՛վ է ոտնահարում ազատ արտայայտութեան տարրական իրաւունքը, ինչպէս նաեւ վտանգ, որ յամենում է ժողովրդավարական սկզբունքների դէմ: Խորհրդաժողովին իր մասնակցութիւնը բերեց նաեւ ծանօթ հրապարակագիր Ռալֆ Ջորդանօն:
Այս հեղինակաւոր դէմքի մասին, ստորեւ, հրատարակում ենք մեր թերթի աշխատակից Գերմանիայից Համօ Պետրոսեանի գրութիւնը:

1996-ի ապրիլի 21-ին Արեւելեան Գերմանիայի հեռուստատեսութեան առաջին կայանը՝ «ARD», Համբուրգ քաղաքից, ցուցադրեց մի վաւերագրական ժապաւէն, 45 րոպէ տեւողութեամբ, «Հայկական Հարցը այլեւս գոյութիւն չունի» խորագրով:
Այս վաւերագրական ժապաւէնը պատրաստել էր լրագրող, գրող եւ հրապարակախօս Ռալֆ Ջորդանօն: Հայերի վերաբերեալ շատ լուրջ, տպաւորիչ եւ լաւագոյն ժապաւէն է՝ Հայկական Հարցին նւիրւած: Ըստ հեռուստատեսութիւնից քաղւած տեղեկութիւնների՝ աւելի քան վեց միլիոն հոգի դիտել են այն:
Իսկապէս տպաւորիչ այս ժապաւէնը սկսւում է Լիսբոնի թրքական հիւպատոսարանի դէմ գործադրւած զինեալ յարձակումով, որի պատասխանատւութիւնը ստանձնել էր ՀԱՅԿԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ-ը:
Ռ. Ջորդանօն ժապաւէնի վերջին բաժնում կրկնեց վերնագիրը՝ այս անգամ հարցումի ձեւով. Հայկական Հարցը այլեւս գոյութիւն չունի՞: Յիշեցրեց ՄԱԿ-ի եւ Եւրոխորհրդարանի վերջին զարգացումները, Ժողովուրդների մնայուն դատարանի որոշումները՝ եզրակացնելով, որ հարցը հեռու է գոյութիւն չունենալուց:
Ժապաւէնի ներկայացրած փաստաթղթերի մեծամասնութիւնը ցարդ որեւէ տեղ լոյս չի տեսել, միայն վեց հատը կարելի է գտնել Եօհաննէս Լեպսիուսի «Գերմանիա եւ Հայաստան» հատորում: Թուրք իրաւաբան Միւմթազ Սոյսալը հոլովում էր իր «փոխադարձ ջարդերի տեսութիւնը», իսկ Ջորդանօն յստակ կերպով հերքեց այն՝ նշելով, որ անկարելի է այսքան սոսկալի դէպքեր «հաւասարակշռել» այնպէս, որ ի վերջոյ «զոհին վերածում է յանցաւորի»:
Այս առթիւ թուրք մամուլը շատ վրդովւած էր, ինչ որ անակնկալ չէ՝ անշուշտ: Թուրք մամուլը նշեց, որ այս ժապաւէնի ցուցադրութիւնից առաջ՝ թուրք հիւպատոսի յաջորդական դիմումները մնացել են անպատասխան եւ հեռուստատեսութեան տնօրէնութիւնը որոշել էր ժապաւէնը ցուցադրել:
Ապրիլի 21-ից առաջ Ռալֆ Ջորդանօն անծանօթ դէմք էր ամբողջ հայութեան համար. իսկ Գերմանիայում՝ շատ ծանօթ եւ լաւագոյն լրագրող: 1964-ից սկսած, հեռուստատեսութեան միջոցով, նա համայն աշխարհի հալածւածների եւ փոքրամասնութիւնների ճակատագրով է զբաղւում, 12 տարիներ շարունակ պատմական եւ վաւերագրական կարճ ու երկար ժապաւէններ է պատրաստել Երրորդ աշխարհի տարբեր անկիւններից:
Ռալֆ Ջորդանօն ծնւել է 1923-ի մարտի 20-ին, Համբուրգում: Մեծ հայրը եղել է իտալացի, մեծ մայրը՝ կիսով շւեդացի եւ միւս կէսով դանիացի. հայրը՝ կէս իտալացի, մայրը՝ մաքուր հրեայ: Նացիների ժամանակ հալածւել, բանտարկւել եւ տաժանակիր աշխատանքներ է կատարել:
Երդում էր կատարել պատերազմի աւարտին անպայման Գերմանիայից հեռանալ. բայց նա մնաց Գերմանիայում եւ սկսեց լրագրութեամբ զբաղւել:
Մինչեւ 1952 թ.՝ 11 տարի անդամ է եղել Արեւմտեան Գերմանիայի Համայնավար կուսակցութեան: Արեւելեան եւ Արեւմտեան Գերմանիայի համայնավար թերթերին աշխատակցում էր, դրանից յետոյ մինչեւ 1961 թ. աշխատակցել է երկու հրէական մեծ թերթերի:
1961-ից սկսած՝ աշխատակցել է գերմանական ռադիօ-հեռուտատեսակայաններին, NDR, WDR եւ SFB. 20 տարւայ մէջ պատրաստել է հեռուստատեսութեան համար աւելի քան 100 ժապաւէններ:
1982-ին լոյս տեսաւ իր առաջին գիրքը՝ «Die Bertinis», 800 էջ: Գիրքը պատմում է նացիների կողմից իր եւ իր ընտանիքի կրած հալածանքների եւ չարչարանքների մասին:
1987-ին հրատարակեց իր երկրորդ գիրքը, «Widerstand ind Exil 1933-1945» (Դիմադրութիւն եւ աքսոր, 1933-1945). այս գիրքը հրատարակւել է միասնաբար Գերմանիայի նախկին վարչապետ Վիլի Բրանդի հետ:
1987-ին լոյս տեսաւ իր երրորդ գիրքը, «Die zweite Schuld oder von der Last ein Deutscher zu sein», (Երկրորդ պարտքը). այս մեղադրական գիրքը 368 էջ է. Ռ. Ջորդանօն այս գրքով ուզում է Գերմանիայում ցոյց տալ իր անցեալի խնդիրները, իր կրած հալածանքները եւ չարչարանքները՝ նացիների կողմից:
1989-ին լոյս տեսաւ չորրորդ գիրքը՝ «Wenn Hitler den Krieg gewonnen hatte» (Եթէ Հիտլերը յաղթէր պատերազմը). այս գիրքը յատկացւել է նացիների ծրագրերին՝ յաղթանակից յետոյ:
1990-ին լոյս տեսաւ հինգերորդ գիրքը՝ «Wie kann diese Generation eigentlich noch atmen», 184 էջ. այս գիրքը բաղկացած է միայն նամակներից, որոնք իրեն գրել են այն անձինք, որոնք իր երրորդ գիրքը կարդացել են:
1992-ին հրատարակեց «Deutschland und Israel» (Գերմանիան եւ Իսրայէլը), 280 էջ, որտեղ ներկայացնում է Գերմանիայի եւ Իսրայէլի յարաբերութիւնները:
Փարիզի «Յառաջ» օրաթերթի թղթակիցը, Քեօլն քաղաքում, 1996-ի յունիս ամսւայ սկզբում տեսակցութիւն ունեցաւ Ռ. Ջորդանոյի հետ։ Թղթակցի «Ինչո՞ւ այս նիւթը, այսինքն՝ ցանկացել էք Հայկական Հարցը մշակել» հարցին Ջորդանօն պատասխանել է. «Այս նիւթն ընտրեցի հետեւեալ պատճառներով՝ ես Բ Համաշխարհային պատերազմի վերջաւորութիւնից՝ նացիական իշխանութիւնից փրկւելուց ի վեր, իմ գրութիւններով եւ 1964-ից յետոյ հեռուստատեսութեան միջոցով, համայն աշխարհի հալածւածների եւ փոքրամասնութիւնների ճակատագրով եմ զբաղւում: Այնպէս որ՝ մի օր էլ պէտք է - պէտք էր - հետաքրքրւէի նաեւ հայերի ճակատագրով: Սրանից առաջ էլ խորհել եմ այս ձեռնարկը իրականացնելու մասին, բայց վարանում էի. հնարաւոր կը լինէ՞ր այն ժապաւէնի միջոցով ներկայացնել: Ֆրանց Վերֆէլի «Մուսա Լեռան քառասուն օրերը» գործին ծանօթ էի, գիրքը վաղ երիտասարդութեանս կարդացել էի. սրանից ի վեր հայերի ճակատագիրը ինձ ծանօթ էր: Աւելի յետոյ, իմ պրպտումների ընթացքում, հանդիպեցի դեսպանական հաղորդագրութիւններին, որոնք Բոնն քաղաքի արտգործնախարարութեան քաղաքական արխիւում են գտնւում: Դրանք անվիճելիօրէն փաստում են պատահած դէպքերը՝ բռնագաղթի գրեթէ անթերի ժամանակագրութեան շնորհիւ:
Ի տես այս բոլորի՝ վերջնական որոշումս տւեցի եւ պատրաստեցի ժապաւէնս»:
Գերմանիայի թուրք դեսպանը փորձեց ճնշում բանեցնել W.D.R. հեռուստատեսակայանի ընդհանուր տնօրէն Ֆ. Նավոթնի վրայ, բայց ճնշումները ապարդիւն մնացին:
Ապրիլի 26-ին հինգ հազար թուրքեր բողոքի ցոյց կատարեցին հեռուստակայանի առջեւ: Տասնեակ թուրքեր հեռախօսել են Ռ. Ջորդանոյին եւ սպառնացել, որ իրեն մի օր կը սպանեն:
Արեւմտեան Գերմանիայի կարեւոր օրաթերթերը ժամանակին անդրադարձան այս վաւերագրական հաղորդմանը: «Սիւդդոյչէ ցայթունգ» օրաթերթ, Միւնիխ, 23 ապրիլի.- «Ծրագրւած ջարդ», «զանգւածային բռնագաղթ»: «... ինչպէս Բոննի բոլոր կառավարութիւնները քաղաքական շահերի բերմամբ լռելը աւելի յարմար են տեսնում, զոհերը այս անգամ էլ մթում մնացին»:
«Հաննովըր ալլգեմայնէ» օրաթերթ, Հաննովըր, 23 ապրիլի.- ... «Հիտլերն իր սատանայական «վերջնական լուծումների» ժամանակ վկայակոչել է, որ ոչ ոք չի խօսում հայերի մասին: Լաւ կը լինէր, մանաւանդ այս երկրում, եթէ լռութեան դաւադրութիւնը փարատւէր»:
«Դի Վելտ» օրաթերթ, Բեռլին, 21 ապրիլի.- «... Այդ ազգը դարիս ամենասարսափելի ջարդերից մէկն է իր մորթի վրայ կրել: Եւ նոյնպէս վայրագօրէն հայ գաղտնի կազմակերպութիւնները ներկայում թուրք կառավարութեան ներկայացուցիչներին են հալածում: 1973-ից ի վեր 58 հոգու սպանեցին»:
1986-ի հոկտեմբերի 4-ին Համբուրգի Հայ մշակութային միութիւնը հրաւիրել էր Հայ Դատի պաշտպան Ռալֆ Ջորդանոյին՝ պատւելու համար: Այդ գիշեր հայ ժողովրդի նոր բարեկամը, իր ճառի վերջում ասաց. «Այնուամենայնիւ, մինչեւ մեր օրերը գերմանական կազմակերպւած լռութիւնը լրիւ չի յաղթանակել, կեցցէ՜ հայ ազգը եւ կեցցէ՜ Հայաստանը»:
Ռ. Ջորդանօն տողերս գրողին մի անգամ նամակով հետեւեալն է գրել. «Մեր Հայկական Հարցի համար ես ապրիլին Վիեննայում էի եւ յունիսին՝ Համբուրգ, ես արդէն Հայկական Հարցին տիրապետել եմ, իմ կեանքին էլ միաձուլել»:
2003-ի սեպտեմբերի 17-ին, Բեռլինում, Գերմանիայի Հրեաների կենտրոնական խորհուրդը տասը հազար եւրօ դրամական պարգեւ կազմող «Լէօ Բէք» մրցանակը յանձնեց լրագրող եւ գրագէտ Ռ. Ջորդանոյին:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ռ. Ջորդանոյին շնորհեց «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» շքանշանը։ 15-10-2004-ին, Քեօլն քաղաքի հայկական եկեղեցում, տեղի ունեցաւ շքանշանի յանձնումը՝ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արք. Պեքճեանի ձեռամբ:
2004-ի հոկտեմբերի 15-ին Գերմանիայի լրատւական գործակալութիւնը արձագանգեց, որ Ռ. Ջորդանօն Գերմանիայի կառավարութիւնից պահանջել է, որ Թուրքիային մղի Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման, ինչպէս նաեւ այդ ճանաչումը որպէս նախապայման առաջադրւի Թուրքիային՝ Եւրոմիութեանն անդամակցելու ճանապարհին:

ՀԱՄՕ ՊԵՏՐՈՍԵԱՆ
(ԳԵՐՄԱՆԻԱ)

Թալէաթ փաշան, մի քանի օր առաջ, մեր ներկայութեամբ հետեւեալ կարծիքը յայտնեց.
«Հայկական հարցը այլեւս գոյութիւն չունի»

Գերմանիայի վարչապետին՝
Reichskanzler von
Bethmann Hollweg - Berlin
«Այս ամսւայ 2-ին Թալէաթ բէյը ինձ յանձնեց գերմաներէնի թարգմանւած պատճէնները զանազան հրահանգ-հեռագրերի, որը նա հայերի հալածանքների վերաբերեալ ուղարկել է գաւառների բարձրագոյն իշխանութեանց մարմիններին:
Նա ուզում էր այս փաստերը յանձնելով՝ ցոյց տալ, որ կենտրոնական իշխանութիւնը լրջօրէն ջանք է թափում հայերի հանդէպ երկրում տեղի ունեցած անկարգութիւնները սանձելու համար, նաեւ ստանձնել է՝ սնունդ ապահովելու նրանց հոգսը, որոնք աքսորւել են կամ տեղահան են եղել:
Այս կապակցութեամբ Թալէաթ բէյը քանի մի օր առաջ, մեր ներկայութեամբ, հետեւեալ կարծիքը յայտնեց. «Հայկական Հարցը այլեւս գոյութիւն չունի». «La question armenienne nÿexiste plus», «Die armenische Frage existiert nicht mehr».

Գերմանիայի դեսպան՝
Fuerst zu Hohenlohe - Konstantinopel, 4-9-1915

* * *

27 մայիսի 1915
Թալէաթ փաշան հրամայում է հայերի տարագրութիւնը եւ աքսորը:
1 նոյեմբերի 1918
Գիշերը Պոլսի գերմանական դեսպանատան «Lorelay» ռազմանաւը Վոսփորի ջրերի վրայից սահում էր դէպի Սեւ ծով: Նաւում գտնւում էին Երիտթուրքերի «Միութիւն եւ յառաջադիմութիւն» կուսակցութեան ղեկավար անդամները, որոնք իրենց երկիրը լքեցին Ա աշխարհամարտից յետոյ՝ այն աւերակների տակ թողնելով, եւ հաստատւեցին Գերմանիայում՝ փրկւելու համար ձերբակալութիւնից եւ պատժից:

* * *

15 մարտի 1921
Թալէաթ փաշան սպանւեց Բեռլինում:
* * *

«Անմարդկայնութեան չքմեղանքներ. գերմանական պաշտօ-նական կեցւածքը՝ 1915-ի հայասպանութեան հանդէպ. Թուրքիայի ֆաշական վարչակարգը ծրագրեց Հայոց Ցեղասպանութիւնը ժամանակի մեծ պետութիւններից Գերմանիայի գիտութեամբ եւ մեղսակցութեամբ, մինչ Դաշնակիցները բուռն բողոք բարձրացրեցին. վերաբերում՝ որ չէր բխում մարդասիրական նկատումներից, որովհետեւ նոյն այդ բողոքող պետութիւնները այսօր լուռ են եւ ճգնում են կասկածի տակ առնել Ցեղասպանութեան իրողութիւնը:
Գերմանիան հնարաւորութիւն ունէր կասեցնելու կոտորածները: Երիտթուրքերի վարչակարգը կանգուն էր Գերմանիայի օժանդակութիւնների շնորհիւ: Հայասպանութեան մէջ Գերմանիայի մեղսակցութիւնը աւելի շեշտակի է դառնում այն բանով, որ վերջինս հրապարակ եկաւ նաեւ Ցեղասպանութեան իրողութեան քողարկումով ու մերժումով: Երիտթուրքերի կործանումից յետոյ էլ Գերմանիան փոփոխութեան չենթարկեց իր կեցւածքը»:

Ամերիկացի պատմագէտ Սուզան Բ. Բլեր, 2004 թ.

* * *

Այսօր Թուրքիայի Եւրոմիութեանն անդամակցելու գլխաւոր նեցուկը, եթէ ոչ ջատագովը, ԱՄՆ-ը, Անգլիան եւ Գերմանիան են, որոնք հետապնդելով իրենց առեւտրի եւ քաղաքական շահերը՝ լռութիւն են պահում Հայոց Ցեղասպանութեան շուրջ:
«Թուրքիայի անդամակցութեան համար նախապայման չէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը: «Հայոց Ցեղասպանութեան հարցը երբեք սակարկութեան նիւթ չի եղել Թուրքիայի հետ եւ հիմա էլ չէ, եւ այս հարցը պէտք է յանձնւի պատմաբանների ուսումնասիրութեան: Մենք գիտենք, որ այս հարցը շատ նուրբ հարց է»:

Եւրոմիութեան յանձնաժողովի խօսնակ
Ժան Քրիստոֆ Ֆիորի

* * *

«Գերմանիայի վարչապետ Գերհարդ Շրէոդերը փաշային նեցուկ է կանգնում եւ պաշտպանում Թուրքիայի Եւրոմիութեանն անդամակցելը եւ իր մարդը, Բրիւսէլում, Եւրոմիութեան ընդարձակման աշխատանքների յանձնակատար Գունթեր Վերհէոգէն բէյը յայտարարում է. «Թուրքիան արժանի է Եւրոմիութեան անդամ դառնալու»...:


Revenir en haut
Publicité






MessagePosté le: Jeu 28 Jan 2010 - 12:16
MessageSujet du message: Publicité

PublicitéSupprimer les publicités ?
Revenir en haut
Montrer les messages depuis:   
Armenian on web Index du Forum -> Le Génocide Arménien - Հայկական Ցեղասպանութիւն - 1915 Ermeni Soykırımı -> 24 Nisan 1915'i anma, tartışmalar - commémorations, débats, annonces Toutes les heures sont au format GMT + 1 Heure
Poster un nouveau sujet   Répondre au sujet
Page 1 sur 1
Sauter vers:  

 



Portail | Index | Créer un forum | Forum gratuit d’entraide | Annuaire des forums gratuits | Signaler une violation | Conditions générales d'utilisation
phpBB
Template by BMan1
Traduction par : phpBB-fr.com